ԱՌՈՒՆ ՉԹՌԱԾ` «ՀՈՊ» ՄԻ ԱՍԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին  իշխանական տարբեր տրամաչափի գործիչներ մեկը մյուսին հերթ չտալով շտապում են հայտարարել, որ Հայաստանում սոցիալական  բունտ չի լինի, որ մեր ազգը սոցիալական խնդիրների համար փողոց դուրս չի գա ու  հեղափոխություն չի անի: Դժվար է ասել, թե ավելի շատ ում են փորձում համոզել Ժողովրդի անունից հայտարարություններ անող այս պարոնները. իրե՞նց, որ հաստատ չգիտեն, թե ինչ ասել է սոցիալական խնդիրներ, թե այդ խնդիրների տակ կքած ժողովրդին: Սակայն նրանք պետք է հաշվի առնեն, որ «որտեղ` հաց, այնտեղ կաց» կարգախոսով ապրողները վաղուց արդեն գաղթել  են Հայաստանից: Մնացել են նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այդ մի կտոր հացի վաստակման իրավունքի համար:Եվ իզուր է հացի սղության տարիներին հարստացած ՀՀԿ-ական պատգամավորը կարծում, որ  մենք անգամ արաբների չափ էլ չկանք, որ սոցիալական բունտ անենք: Ի վերջո, պետք չէ մոռանալ, թե  ինչի համար էր ժողովուրդը փողոց դուրս եկել  2008թ.  մարտի 1-ին. որքան էլ որ առիթը  քաղաքական էր, այնուամենայնիվ, այդ համազգային  ընդվզման հիմքում  սոցիալական դժգոհությունն էր: Եվ եթե այդ ժամանակ  10 հոգու գնդակահարելով ու հարյուրավոր մարդկանց հիվանդանոցներն ու բանտերը լցնելով`  իշխանություններին հաջողվեց ճնշել ընդդիմությանը, դա դեռ չի նշանակում, որ դրանով ճնշվեց սոցիալական արդարության հասնելու ժողովրդի ձգտումը:  Այլ խնդիր է, որ անցած երեք տարիների ընթացքում ընդդիմությունն իր պայքարում հետքայլ արեց եւ չկարողացավ ( կամ չցանկացավ)  տեր կանգնել ժողովրդի սոցիալական բողոքին: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Դատելով ՀԱԿ վերջին օրերի հայտարարություններից` առաջիկայում Հայ ազգային կոնգրեսը նոր թափով փորձելու է վերսկսել սոցիալական բողոքի համախմբման գործընթացը: Նրան զուգահեռ, իր հանրահավաքային գործունեությունն  է շարունակելու Տիգրան Կարապետյանը, ինչն անկախ վերջինիս իրական մտադրություններից, որոշակի դրական ազդեցություն է ունենալու  հակաիշխանական տրամադրությունների տարածման տեսանկյունից: Թե ընդդիմությանը որքանով կհաջողվի սոցիալական բողոքի համաժողովրդական ալիք բարձրացնել, ցույց կտա ժամանակը: Բայց եթե իշխանությունները թերագնահատեն նման  հավանականությունն  ու շարունակեն   հակասոցիալական քաղաքականություն վարել, չի բացառվում, որ   հայ ժողովրդի ու սոցիալական բունտի անհամատեղելիության մեջ վստահ իշխանական գործիչները հուսախաբ լինեն: Ի վերջո, ամեն ինչն էլ մի օր առաջին անգամ է լինում:




Լրահոս