Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանն ու Նարեկ Զեյնալյանը հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» մասին օրենքներում:
Նախագծով առաջարկվում է՝ ՏԻՄ-ի ղեկավարների կողմից սահմանվեն այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցները, սահմանել մեկ ամսվա համար նախատեսված վճարը` մեկ տրանսպորտային միջոցի համար, որը պետք է վճարվի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե: Միաժամանակ ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքը սահմանում է վարչական պատասխանատվություն վերը նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար, եթե վերջիններս իրենց պատկանող տրանսպորտային միջոցները կայանում են ՏԻՄ-ի կողմից չսահմանված վայրում, եթե տրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային ճանապարհի վրա: Ընդ որում, սեփականատերը պարտավոր է 3 օրվա ընթացքում վերացնել խախտումը, հակառակ դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո կրկին նույն խատումը կատարելու դեպքում սեփականատերը ենթարկվում է պատասխանատվության նույն հոդվածի երկրորդ մասով, եթե չի լրացել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը: Նշված օրենսգիրքը ուժի մեջ մտնելու պահին համայնքի ղեկավարները պարտավոր են սահմանել համապատասխան վայրերը:
Նախագծի հեղինակները մեկնաբանում են, որ Հայաստանի Հանրապետությունում` մասնավորապես Երեւան քաղաքում, համայնքային ճանապարհների վրա վարձույթի տրամադրման եւ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցները լուրջ խնդիր են առաջացնում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման գործընթացում: Մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում վարորդները չեն կարողանում կատարել տրանսպորտային միջոցների կայանում` կայանման համար գծանշմամբ թույլատրված վայրերում, քանի որ վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանպորտային միջոցները մշտապես կայանված են այդ վայրերում: Կայանված տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում է կայանման համար նախատեսված 12 հազար ՀՀ դրամի տարեկան վճարը, եւ տրանսպորտային միջոցները մշտապես կայանվում են այդ վայրերում` հաճախակի դառնալով խցանման պատճառ, վերջիններս խոչընդոտ են հանդիսանում ճանապարհային երթեւեկության բնականոն կազմակերպման համար: Եվ նրանք ակնկալում են, որ նախագծով ներկայացված կարգավորման ընդունման պարագայում համայնքային ճանապարհները կբեռնաթափվեն վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցներից, ինչն էլ կբարելավի ճանապարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ կնվազեցնի կանգառի կամ կայանման համար թույլատրելի վայրերի զբաղվածությամբ պայմանավորված խցանումների քանակը:
Իսկ արդեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում էլ փոփոխություն կկատարվի և կամրագրվի. «Վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ կողմից համայնքային նշանակության ճանապարհների վրա` կայանման համար նախատեսված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելը, եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տվյալ վայրը չի սահմանվել որպես վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների կայանման վայր` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար տուգանք նշանակման օրվանից հետո` 3 օրից հետո կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երուսունապատիկի չափով:»:
Հավելենք, որ նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել երեկ:
Նաիրա Հովհաննիսյան