ՊՆ գործուղումները գաղտնի կդառնան. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կհստակեցվի Պաշտպանության նախարարության գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Տեղեկացնենք, որ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պատվիրատուների կողմից նախորդ ժամանակաշրջանում գնված ավիատոմսերի մասին տեղեկությունները, բացառությամբ ՀՀ նախագահի եւ Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի:

Պարզվում է, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմսերի մասին հրապարակված տեղեկության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով: Եւ հաշվի առնելով սա, պաշտպանության նախարարությունը մտահոգված է, որ ՊՆ կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ամենն ուղղված է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակումների կանխմանը, ինչպես նաեւ զինված ուժերում գաղտնիության ռեժիմի ապահովմանն ընդհանրապես:

Ս.Հ.




Լրահոս