ԻՐԵՆՑ ՏՈՆԸ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ամենայնի, վաղը կայանալիք զորահանդեսը Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է լինելու թե՛ իր մասշտաբով, թե՛ ցուցադրվող զինտեխնիկայով եւ թե՛ իր դիտարժանությամբ: Ինչն, իհարկե, հուզելու է յուրաքանչյուր հայի` անկախ նրա քաղաքական հայացքներից կամ սոցիալական վիճակից:  Ընդհանրապես, Հայաստանի քսանամյա հանրապետությունն ինքնին արդեն աննախադեպ իրողություն է, որը, թերեւս, պահանջում է նաեւ աննախադեպ լայնախոհություն, աննախադեպ պետական մտածողություն եւ աննախադեպ անքինախնդրություն: Այս հատկանիշներից յուրաքանչյուրը պետք է որ դրսեւորեին Հայաստանի Հանրապետության երեք նախագահները, որոնցից յուրաքանչյուրը, անկախ ամեն ինչից, վաղվա տոնակատարության կայացման մեջ ունեցել է իր անուրանալի դերն  ու  վճռորոշ  նշանակությունը: Բայց Հայաստանի Հանրապետության քսանամյակի զորահանդեսը կարող էր լինել ոչ միայն աննախադեպ, այլեւ պատմական, եթե ՀՀ նախագահներից յուրաքանչյուրը կարողանար վեր կանգնել իր անձնական  ամբիցիաներից ու վիրավորվածությունից, իր նեղ կուսակցական եւ փոքր  քաղաքական շահերից` հանուն մեր պետականության կերտման դարավոր երազանքի իրականացման արժեւորման: Ի վերջո, ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունը միայն Սերժ Սարգսյանի տոնակատարությունը չէ: Այն բոլորինս է` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունը, այդ թվում ու նախ եւ առաջ` ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներինը: Եւ չնայած այն բանին, որ հայկական իրականության մեջ առաջին անգամ Է, որ ՀՀ գործող նախագահը հրավիրել էր երկրի նախորդ 2 նախագահներին` դրսեւորելով լայնախոհություն, այդուամենայնիվ,  փոխարենը չստացավ իր նախորդների համապատասխանաբար  աննախադեպ պետական մտածողության ու աննախադեպ անքինախնդրության արտահայտությունը: Բայց այս հարցում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ մի էական տարբերություն կա. այն է` Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես հանդես է եկել Սերժ Սարգսյանի անխնա քննադատությամբ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս Սերժ Սարգսյանի դեմ բացահայտ չի խոսել: Ու եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից որոշակի պետական մտածողություն, այնուամենայնիվ, դրսեւորվեց մինչ այդ նախաձեռնված իշխանություն-ՀԱԿ երկխոսության տեսքով, ապա Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ինչպես կրկին անգամ ապացուցվեց, անքինախնդրության մասին մտածելն առնվազն միամտություն էր: Եւ վաղվա տոնակատարությունից նրա բացակայությունն ու հրավերքը չընդունելու պատճառաբանությունն ինքնին արդեն շատերի համար խոսուն փաստարկ է, որ քաղաքական մանրախնդրությունը Քոչարյանի ամենաբնորոշ հատկանիշն է:  Միայն թե այդպես էլ պարզ չդարձավ, երբ Տեր-Պետրոսյանը մերժում էր Սարգսյանի հրավերը, արդյո՞ք տեղյակ էր, որ Քոչարյանը չի լինելու:




Լրահոս