Հարկադիր հոսպիտալացում, բանավոր կարգադրություն. ինչ պայմաններով է երկարաձգվում արտակարգ դրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության կարժանանա արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ, Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով կրկին կերկարաձգվի:

Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:

Սակայն նախագծում փոփոխություններ են եղել: Օրինակ եթե նախկինում սահմանափակում էին անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում, ապա այժմ կիրառվելու է   հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում: Իսկ անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր արտահայտությունը փոխարինվել է անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում բառերով:

Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձը անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:

Մեկ փոփոխություն ևս. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում`թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս