Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության մայիսի 8-ի որոշմամբ այս նախագիծը համարվել է անհետաձգելի և հանձնաժողովում քննարկվելուց հետո կընդգրկվի նաև Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում:
Մասնավորապես, այս նախագծերով փոփոխություններ են կատարվելու ոստիկանության համակարգում, ներդրվելու է պարեկային ծառայություն: Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը եւ պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները եւ հասարակական կարգի պահպանությունը: Ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին:
Համաձայն Ռազմավարության` նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից եւ ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երեւան քաղաքում, ապա Շիրակի եւ Լոռու մարզերում եւ ամբողջ հանրապետության տարածքում: Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը:
Պարեկային ոստիկանության կադրերի ամբողջական համալրման հետ մեկտեղ տեղի կունենա նաեւ ամբողջ Հանրապետության տարածքում ծառայության գործարկումը: Միեւնույն ժամանակ, մինչեւ պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները` համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների:
Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը: Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:
Նաիրա Հովհաննիսյան