«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան եւ միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար: ՀՔԾ-ն վերծանել էր Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկեց կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված դատավճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք, որ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ Այսինքն՝ գլխավոր դատախազի կողմից բերված փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ վռաբեկ դատարանի համար, ինչի արդյունքում դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել լրագրողի օգտին կայացված որոշման բողոքը: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված այս որոշումը կարելի է համարել նախադեպ, որը կարող է օգտագործվել լրագրողների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս պետ Սասուն Խաչատրյանի, ապօրինություն է թույլ տվել, որի համար պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց: Այդ որոշումը, կարելի է ասել, հաղթանակ է ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր լրագրողների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կայացած նիստը կրկին անցել է հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերին պատասխանել է շատ կարճ ու կոնկրետ: Երեկ Ազգային ժողով ներկայանալու առիթը նրա՝ 3 տարի առաջ ունեցած ելույթն էր, երբ խոսվել էր կեղծ վառելիքի մասին: Հանձնաժողովականները հետաքրքրվել են Կարապետյանից` պնդում է արդյոք իր տեղեկությունը եւ արդյոք կարող է փաստեր ներկայացնել: Կարապետյանը, մեր տեղեկություններով, ի պատասխան հայտարարել է, թե այդ տեղեկություններն ինքը տարբեր զինվորական շրջանակներից է լսել եւ այլ ասելիք չունի: Նշենք, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողովի հաջորդ «հյուրը» պետք է լինի ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, որի հետ հանձնաժողովը նպատակ ունի տեսակապով զրուցել, քանի որ նա ՌԴ-ում է բնակվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը փորձելու է Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994թ. կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողնելով գործընթացներից, ինչը, մեղմ ասած, ամենաանցանկալի ելքը կարելի է համարել։ Արդյոք այս հարցերի պատասխանները կկարողանան հանձնաժողովականները ստանալ Էդուարդ Նալբանդյանից, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:
Ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի եւ Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Այս մասին հայտնել էր անձամբ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։ Մեզ դիմած անձը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ համակարգիչը վերադարձել է մարզպետարան եւ խնդիրն այլ ձեւ է կարգավորել: Ընդ որում, տեղեկացանք, որ սա միակ դեպքը չէ: Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաեւ այլ մարզերում։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք տրամադրված համակարգիչներն անսարք են եղել: Եթե այո, ապա ինչո՞ւ են դրանք փոխանցվել անապահով բնակիչներին։ Ի պատասխան՝ Տիգրան Գալստյանը հայտնեց, թե կոնկրետ իրենց համակարգիչ հետ չի վերադարձվել: «Մենք բոլորը ստուգել ենք, որեւԷ անսարք համակարգիչ չի եղել: Մեզ չեն դիմել անսարքության հետ կապված։ Ասեմ, որ համակարգիչներ տրամադրում ենք ընտանիքների, որոնք համակարգիչ չեն ունեցել, հետեւաբար պատրաստակամություն ենք հայտնել՝ եթե խնդիր լինի, անգամ վերանորոգենք: Ավելին ասեմ, հատուկ գնում ենք կազմակերպել, որ վեբ տեսախցիկներ էլ ունենան», – նշեց նա՝ հավելելով, որ իրենց այս ընթացքում մեկ անգամ են դիմել: «Մեզ դիմել են մի անգամ, որի պատճառը եղել է update-ները ծրագրային ապահովման, որ օգտատերը սխալ քաշել է համացանցից», – նշեց նա: Այսպիսով, թեեւ անսարք համակարգիչները բնակիչների կողմից վերադարձվել են, բայց ԱԺ չեն հասել:
Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը: Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին նորագոյացություններից մահացել է 1372 մարդ: Այս դեպքում, մասնագետների պնդմամբ, ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում այս հիվանդության աճի վրա: