ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ օրինաստեղծ աշխատանքի համար «Մխիթար Գոշ» մեդալներով պարգեւատրվել են  մի շարք պատգամավորներ`  Անահիտ Բախշյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հերմինե Նաղդալյանը, Հեղինե Բիշարյանը,  Գալուստ Սահակյանը,  Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Վազգեն Կարախանյանը, Միքայել Վարդանյանը, Վոլոդյա Բադալյանը, Արտաշես Շահբազյանը, Ռուզան Առաքելյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Եթե Վոլոդյա Բադալյանը Ռոբերտ Քոչարյանի խնամին է, Գալուստ Սահակյանը` Սաշիկ Սարգսյանի սանիկը, դրա համար արժանացան մեդալի, «հասկանալի» է: Տարօրինակ էր, որ օրինաստեղծ գործունեության համար մեդալ ստացավ նաեւ այդ ոլորտի հետ որեւէ առնչություն չունեցող Գեղամ Ղարիբջանյանը (նա, օրինակ, ռազմական ոստիկանության պետի կողմից էլ պարգեւատրվել է ռազմական ոստիկանության խորհրդանիշով պատկերված ժամացույցով): Բայց այս մարդն ընդամենը մեկ արժանիք ունի` ԱԺ մականունավոր նախագահ Հովիկ Աբրահամյանի վստահելին է, որը, փաստորեն, բավական էր գնահատվելու համար: Մյուս պատգամավորների մասով եւս (մեկ-երկու բացառությունները հանած) կարելի է զանազան կապեր գտնել ԱԺ նախագահի հետ: Այսինքն` ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է եւ «ում հետ, որ լավ է», նրանց արժանացրել «Մխիթար Գոշ» մեդալի: Իսկ որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը միայն 83 ընդունված օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, որեւէ արժանիքով չընկավ ԱԺ նախագահի աչքը: Նրան Աբրահամյանը չի ընդունում: Իսկապես որ հայրենի խորհրդարանում «քուչի տրամաբանությունն» է գերիշխում` «իմ ախպերը մեր լավ ախպոր ախպերն է» եւ այլն: Պրոֆեսիոնալիզմը` որպես այդպիսին, ավելորդ «թիթիզություն» է:«Ժողովուրդ»-ի հարցին` «Դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել, որի համար մեդալ ստացաք», ազատամարտիկ, պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Սա օրենսդրական նախաձեռնության համար չէ: Պետության կայացման, պետության շինարարության համար է: Էսօր անկախություն ենք տոնում: Անկախությունը ո՞նց ձեռք բերվեց: Ազգային Ժողովո՞վ»: Եթե իսկապես այդ արժանիքն է գնահատվել, ապա ի՞նչ կապ ունեն պետության շինարարության հետ, օրինակ, Գալուստ Սահակյանը, Հեղինե Բիշարյանը, Վարդան Այվազյանն ու առավել եւս Ղարիբջանյանը:




Լրահոս