Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել է Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։
1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպումը
1) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում:
3) Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:
4) Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:
2. Աշխատանքային տարածքի ախտահանումը
1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։
2) Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
3) Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
4) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
5) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:
6) Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր՝ համապատասխան անձնագրով (ռեցիրկուլյատորներ):
7) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:
3. Անձնակազմի համար կանոններ.
1) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
2) Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր:
3) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։
4) Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
5) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
4. Հաճախորդների սպասարկման կանոններ
1) Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:
2) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:
3) Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:
4) Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:
5) Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
6) Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն»: