Պեկինից Երևան է բերվել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պեկինից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Համաճարակի սկսվելուց ի վեր ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության և գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ՝ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ՝ 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ և դեմքի վահաններ և այլն:

ՊՀԾ-ն կարողացել է ձեռք բերել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ՝ շնորհիվ «Իմ քայլը» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, ինչպես նաև ՀՀ-ում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության և ՊՀԾ-ի ռեսուրսների միջոցով:

Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացրել է Արտաքին գործերի նախարարությունը:

«Ամբողջ աշխարհում և Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին՝ դիմակայելու և արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգևորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները, և Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաև մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ ԱԳՆ հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը»,- նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն տիկին Ելենա Միլոշևիչը:

Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը:

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը և կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ և ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից և աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:




Լրահոս