Տիկին Մակունցը պետք է ներողություն խնդրի. Սարգիս Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանն այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն: Պատճառն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած հայտնի միջադեպն է, որով հրավիրվել են հարցաքննություն տալու:

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը նշեց, թե Հատուկ Քննչական ծառայությունում պատմել է եղելությունը, թե ինչ է եղել մայիսի 8-ին: «Տիկին Մակունցն ամբիոնից հայտարարեց, թե մենք էլ ենք ինչ-որ մասնակցություն ունեցել միջադեպին: Այսինքն, Վահե Ղալումյանի գործողությունները հավասարեցրել է մեր գործողություններին: Եվ եղելությունն եմ պատմել, թե ինչ է եղել այդ օրը: Եթե դուք պաշտպանում եք, փորձում եք կանխել հետագա գործողությունները , հետ եք քաշում, ինչպես կարող է նույն հարթության վրա դրվել: Ես պատմել եմ, թե ինչ է եղել այդ օրը», – նշեց նա:

Ալեքսանյանի խոսքով` իրենց գործողություններն այդ միտումն են ունեցել և ինքը չի հարվածել Ղալումյանին: «Պետք չէ այդ գործողությունները համարժեք հարթության վրա դիտարկել: Ոչ մի իրավական հիմք չկա: Տիկին Մակունցի շահարկումները քաղաքական են եղել: Ես ակնկալում եմ, որ Տիկին Մակունցը պետք է ներողություն խնդրի, քանի որ անհարկի շահարկում է մեր անունը: Ես պարոն Ղալումյանի դեմ ոչինչ չունեմ, և նա էլ է ասել, որ իրեն չեն հարվածել», –  հավելեց նա:

ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ և մատնանշել, թե խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ որ պատգամավորն իրեն ինչպես է դրսևորել: Իսկ նշված երկու պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ակտիվ մասնակիցներից էին: Նրանք օրինակ քաշում են  Էդմոն Մարուքյանի  գլխից բռնած Վահե Ղալումյանին, որի հետևանքով վերջինս ընկնում է գետնին:

Հավելենք նաև, որ այս պատգամավերների մասին խորհրդարանում խոսել էր նաև իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամբիոնից առաջարկ անելով երեք պատգամավորներին վայր դնել մանդատները՝ նրանք  եւ Էդմոն Մարուքյանը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս