ՀՅԴ-Ն ՓՈՇՄԱՆԵԼ Է. ԻՆՉ ԱՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշնակցությունը խառնակչությունը դարձրել է ապրուստի միջոց»,-ժամանակին ՀՅԴ-ի մասին այսպես էր արտահայտվել հայտնի պատմաբան Լեոն՝ «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» աշխատության մեջ: Պարզվում է՝ այդ կուսակցության վարքագծում մոտ հարյուր տարվա հեռավորության մեջ որեւէ բան չի փոխվել, ու Լեոյի այս խոսքերն առանց վարանելու կարելի է կրկնել նաեւ հիմա՝ տեսնելով ՀՅԴ ամերիկյան ու հայաստանյան կառույցների վերջին «քյալլագյոզությունները»:Բանն այն է, որ թեեւ ՀՅԴ ամերիկյան բյուրոն իշխանությունների հասցեին բավական կոշտ գնահատականներ հնչեցնելուց հետո հայտարարեց ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի պատվին տրվող ճաշկերույթին մասնակցելուց հրաժարվելու մասին, մտափոխվել է: Հիմա նրանք նոր հայտարարություն են տարածել՝ ասելու համար, որ վերանայել են իրենց դիրքորոշումները եւ կմասնակցեն ճաշկերույթին: Իսկ որպես հիմնավորում ասում են, թե ճաշկերույթը, որին, ի դեպ, մասնակցելու է նաեւ Ս.Սարգսյանը, ոչ թե նրա պատվին է, այլ նվիրված է ՀՀ անկախության տարեդարձին: Ավելին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունն իր հրավերի մեջ շտկել է այդ սխալը: «Ուրախ էինք տեղեկանալ, որ Հայաստանի անկախության վերահաստատման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսավոր ճաշկերույթի բնույթը վերանայվել է: Ողջունում ենք տոնակատարության առանցքը Հայաստանի անկախության վերահաստատման 20-ամյակը դարձնելու նախաձեռնությունը: Դրանով իսկ, մեր չմասնակցելու պատճառը շտկված է»,-ասված է ՀՅԴ հայտարարության մեջ: Եւ սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ականներն ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանին ամենասուր խոսքերով քննադատել էին՝ որակելով նրան հեղինակազրկված պաշտոնյա, որի վարած քաղաքականության ամեն մի օրը երկիրը խրում է փտախտի մեջ, հիմա պատրաստվում են նրա հետ սեղան նստել ու հաց կիսել: Բայց ահա ճաշկերույթին չմասնակցելու վերաբերյալ ՀՅԴ ամերիկյան կառույցի հայտարարությունը լարվածություն էր մտցրել ՀՅԴ հայաստանյան բյուրոյի հետ հարաբերություններում: Արդյունքում՝ ՀՅԴ հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը պատասխան հայտարարություն էր տարածել՝ քննադատելով իր գործընկերներին: Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վերջերս Փարիզում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ հայաստանյան ու ամերկյան բյուրոների ներկայացուցիչների միջեւ: Արդյունքում` ՀՅԴ հայաստանյան կառույցին հաջողվել է մտափոխել Ամերիկայի դաշնակներին:ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ փոխվել են ոչ թե իրենց դիրքորոշումները, այլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մոտեցումները: «Հայաստանի կոնսուլատում հասկացան, թե ինչ անթույլատրելի սխալ ձեւով են տվել հրավերը, նրանք արագ փոխեցին, մերոնք էլ արագ արձագանքեցին»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ ամերիկյան բյուրոյի հայտարարության մեջ ասված է ամեն ինչ: Սակայն ՀՅԴ այս մոտեցումներն ընդունելի չեն Հայաստանի ավանդական կուսակցություններից ՍԴՀԿ-ի համար: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որ վերջերս ողջունել էր ՀՅԴ ամերիկյան կառույցի՝ ճաշկերույթը բոյկոտելու մտադրությունը, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Շատ տխուր է, որ իրեն սկզբունքային, ավանդական, ժողովրդավար, ազգային արժեքներ կրող քաղաքական ուժի մի մասը սկզբում մերժողական մոտեցում է ցուցաբերում, հետո ճիշտ հակառակ որոշումն է կայացնում: Սա տխուր  փաստ է ոչ թե մեզ, այլ ՀՅԴ-ի համար: Սրանից կարելի է հետեւել, թե այդ քաղաքական ուժն ինչ սկզբունքայնությամբ է առաջնորդվում»: Լյուդմիլա Սարգսյանն այսքանից եզրակացնում է, որ ՀՅԴ ամերիկյան կառույցն իր որոշումը փոխել է հայաստանյան բյուրոյի ճնշման տակ: «Ես կարծում եմ՝ ճնշումները Հայաստանից են եղել: Իսկ այդ դեպքում ես չեմ ողջունում, որ Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ-ական թեւը թույլ է տվել, որ ճնշումներն ազդեն իրենց վրա: Իսկ եթե թույլ է տվել նման բան, ուրեմն իրար արժեն: Բացի այդ, ըստ նրա՝ կա նաեւ մեկ այլ հանգամանք. «Ես մտածում եմ, որ նաեւ որոշակի շահագրգռվածություն է ստեղծվել, որի արդյունքում կտրուկ փոխել են իրենց որոշումը: Բայց նման քաղաքական ուժի դեպքում սխալ եմ համարում, որովհետեւ եթե իրենց սկզբունքային քաղաքական ուժ են համարում, ուրեմն պետք է կարողանային սկզբունքները մինչեւ վերջ պահել»:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս