Ես այժմ կասեմ մի բան, որը, գուցե, ձեզ տարօրինակ թվա. այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կարծում եմ՝ կորոնավիրուսի պատճառով չէ։ Այս մասին տեսակապի միջոցով հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի հետեւանքը։ Տասնամյակներ շարունակ աշխարհն արագորեն փոխվում էր, եւ այն այսօր միանգամայն այլ է։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է վիրտուալ տիրույթում։ Մենք նույնիսկ պատշաճ չէինք էլ նկատել, որ մեր կյանքը փոխվել է։ Խորհելով այս երեւույթի շուրջ՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհն այլեւս դասական չէ։ Ես այս նոր աշխարհն անվանում եմ քվանտային։ Այս նոր աշխարհում շատ բաներ դասական չեն։
Վերլուծություններս ներկայացրել եմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» իմ գրքում, եւ համաճարակներն այդ ռիսկերից մեկն են։ Օրինակ՝ եթե վարակն առաջանում է Չինաստանում, պարտադիր չէ, որ այն տարածվի անմիջապես Ռուսաստանում կամ Մոնղոլիայում: Այն կարող է տարածվել Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում։ Եվ շատ դժվար է վերահսկել վարակի տարածումը, քանի որ մենք գործ ունենք քվանտային վարքագծի հետ։ Ուստի, հաշվի առնելով նաեւ մարդկային փոխկապակցվածությունն, այս վարակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։
Քվանտային վարքագիծը հատուկ է ոչ միայն համավարակներին։ Տեսեք, թե ինչ է կատարվում ֆոնդային բորսաներում, ինչպիսին է կառավարությունների արձագանքը։ Ուստի իմ ուղերձը հետեւյալն է. այս վարակը հետեւանքն է այն բանի, որ մենք նույնիսկ չէինք էլ գիտակցում, որ ապրում ենք միանգամայն այլ՝ քվանտային աշխարհում։ Այս վարակը նոր է, եւ, հույս ունենանք, կկարողանանք հաղթահարել այն․ կարեւորն ուժեղ իմունային համակարգ ունենալն է։ Բայց դա չի նշանակում, թե ապագայում այլ վարակներ ի հայտ չեն գա»:
Հարցին, թե ի՞նչ պետք է անել վարակի տարածումը կանխարգելելու համար, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ի՞նչ պետք է մենք անենք։ Նախ եւ առաջ, պետք է նշել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է։ Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։ Կան երկրներ, որտեղ իրավիճակը վերահսկելի է, սակայն որոշ երկրներում էլ այն աղետի է վերածվել։ Եվ կարեւոր չէ, թե դու որտեղ ես։ Օրինակ՝ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում մեծ դժվարություններ են առաջացել։
Ի՞նչ է իրականում կատարվում։ Այս համավարակը փորձություն է ողջ մարդկության համար։
Սա փորձություն է անհատների, պետությունների, միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական միության համար։ Վերջինս մեծ ներդրումներ է կատարել համընդհանուր տնտեսական, իրավական քաղաքականության ոլորտներում, սակայն, արդյո՞ք նրանք ունեն համավարակների դեմ պայքարի միասնական քաղաքականություն։
Սա փորձություն է նաեւ գործարարների համար, թե որքանով են նրանք լավ կառավարիչներ՝ իրենց բիզնեսը վերահսկելու առումով։
Սա նաեւ փորձառություն է ընտանեկան հարաբերությունների առումով, այն իմաստով նաեւ, թե ով է քո հարեւանը։ Կարեւոր է, թե որքան քաղաքակիրթ են քո հարեւաններն, արդյոք պահպանո՞ւմ են վարակի դեմ պայքարի բոլոր կանոնները՝ լվանում են ձեռքերը, դիմակ են կրում։
Սա նաեւ փորձառություն է այն առումով, թե որքան պատասխանատու անհատ ես դու։ Եթե դու երիտասարդ ես եւ վարակվելու դեպքում այն ավելի հեշտ կհաղթահարես, դու պետք է նաեւ պատասխանատու լինես եւ հոգ տանես տարեցների մասին։
Սա փորձություն է նաեւ շրջակա միջավայրի պահպանության առումով։ Տարիներ շարունակ մենք անտեսել ենք այս ոլորտի խնդիրները։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Այժմ երբ իմ տնից նայում եմ իմ քաղաքին, այն բյուրեղյա մաքրություն ունի։ Մեքենաների թիվը քչացել է, գործարանները բավարար հզորությամբ չեն աշխատում, ուստի, օդը մաքուր է։
Սա փորձություն է նաեւ այն առումով, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրում ֆինանսական շուկաները կամ կառավարությունները»: