Հարկային օրենսգրքի դրույթներից մեկը հակասահմանադրական է․ ուշագրավ որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի դիմումի մասով, որը վերաբերում էր ՀՀ Հարկային օրենսգրքին։ Մասնավորապես դատավորը վիճարկում էր օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը։ Եվ Սահմանադրական դատարանը մի քանի ամիս տևած գործի քննությունից հետո 2020 թվականի մայիսի 12-ին կայացված որոշմամբ արձանագրեց, որ պահանջը հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին։

Իսկ ինչին էր վերաբերում այդ դրույթը։ Հարկային օրենսգիրքը սահմանում է մի դրույթ, որի համաձայն, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։ Այն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Եվ նաև սահմանվում է, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ  հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

Եվ դատավորը նկատել է, որ պրակտիկայում բազմաթիվ վեճեր են առաջանում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, քանի որ տնտեսվարողներին էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված փաստաթղթերն ուժի մեջ են մտնում անկախ այն ստանալու փաստից։ Ընդ որում, հարկ վճարողները նաև հաճախ պնդել են, որ դեպքերում իրենք փաստացի որևէ փաստաթուղթ չեն ստանում:

Եվ ահա Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթը այնքանով, որ նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին:

Հավելենք նաև, որ Սահամանդրական դատարանը մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ժամկետ է նախատեսել օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս