ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի հետքերով․ ինչ բացահայտումներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ-ում նախորդ իշխանությունների կողմից ոչնչացված փաստաթղթերի մասին սկանդալային հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։  Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոչնչացված փաստաթղթերն իրականում ահռելի քանակի են եւ այս առումով ծառայողական քննությունը չի ավարտվել։

Նա հայտնեց, որ դրական կողմն այն է, որ ծառայության նրբություններով պայմանավորված՝ այդ փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնված է։ Նրա խոսքով՝ կան փաստաթղթեր, որոնց կորուստը հնարավոր չի լինի վերականգնել։ Այդ հարցերով, ըստ Փաշինյանի, պետք է քննություն իրականացնել՝ հասկանալու, թե որն է եղել այդ փաստաթղթերի բովանդակությունը և ինչու են դրանք կորսվել։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ խոսել է ԱԱԾ գործընկերների հետ, թե ինչու է երկար տևում այս ամենը։ Ըստ Փաշինյանի՝ մասնագետները պատասխանել են, որ փատաթղթերի մեծ ծավալի պատճառով դրանց շուրջ աշխատանքը նույնպես մեծ է։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2019 թվականի նոյեմբերին հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ  վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին: Մենք հայտնել էինք նաև, որ քննել են նաև ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը: Դավթյանն, ի դեպ, հեղափոխությունից 1 ամիս անց՝ մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել է:

ԱԱԾ ներքին քննարկումներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, եզրահանգել են, որ նյութերը ոչնչացվել են, քանի որ դրանք պահելու անհրաժեշտություն չի եղել, ու դա նորմալ պրոցես է: Սակայն աղմուկից հետո մտադրվել են վերականգնել, ինչը մասամբ է հաջողել:




Լրահոս