ԱՆՁԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Զեկույցի քննարկման ժամանակ բավականին քննադատական ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նա կոպիտ տոնով էր արտահայտվել ՄԻՊ աշխատանքի մասին՝ ասելով, որ Թաթոյանը երկակի չափանիշներով է մոտենում այս կամ այն իրադարձություններին, որոնք կապված են քաղաքական գործիչների հետ: Իսկ, ահա, ամփոփիչ ելույթի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել, չհամարձակվեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ…»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ եւ փորձել պարզել՝ ինչու այդպիսի ելույթ ունեցավ պատգամավորը՝ փորձելով սպառնալ Թաթոյանին:

-Պարո՛ն Հակոբյան, մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ կապված՝ Դուք ելույթ ունեցաք՝ ներկայացնելով դժգոհություն։ Ի՞նչն էր խնդիրը, որովհետեւ ե՛ւ ձեր խմբակցության, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորները կարծես թե գոհ էին զեկույցից։ Ի՞նչը Ձեզ բորբոքեց։

-Նախ նշեմ, որ ինձ ոչինչ չի բորբոքել։ Իմ քննադատությունը ես ելույթում արդեն արտահայտել եմ։ Բայց կուզեի ասպետը դնել ելույթի անդրադարձի վրա. մեր գործընկերը նշել էր, որ ոչ ոք իրավունք չունի ՄԻՊ-ի հետ սպառնալիքի լեզվով խոսել։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ոչ ոք սպառնալիքի լեզվով չի խոսել,  եւ սա անձին ուղղված քննադատություն չէր, սա ինստիտուսի որոշակի բացերի մասին էր։

-Դուք «հաթաթա տվեցիք»…

-Ես համաձայն չեմ Ձեր ձեւակերպումների հետ։ Եթե դա այդպես է ընկալվել, ապա սխալ է ընկալվել։ Ես ամենեւին չեմ ուզել, որ ընկալումն այդպիսին լինի

-Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես նման կերպ արձանագրեց՝ ասելով, որ Ձեր ձայնը չբարձրացնեք մարդու իրավունքների պաշտպանի վրա։

-Ես կարծում եմ, որ մեկնաբանությունն իսկապես սխալ ուղղով է գնացել, եւ ես չեմ փորձել ո՛չ ձայն բարձրացնել, ո՛չ սպառնալ: Նման բաներ չեն եղել։ Ես ընդամենը կարծիք, տեսակետ եմ հայտնել եւ որոշակի քննադատությամբ եմ հանդես եկել։ Եվ մենք բոլորս պետք  է ունակ լինենք քննադատություն լսենք, ընդունենք եւ հետեւություններ անենք։ Ցավում եմ, որ որեւէ մեկն այդպես է ընկալել, որովհետեւ ես ամենեւին այդ կոնտեքստի մեջ չեմ ունեցել իմ ելույթը։

-Պարո՛ն Հակոբյան, ձեր խմբակցության պատգամավորները նույնպես անակնկալի են եկել Ձեր ելույթից։ Իրենց համար եւս անսպասելի է եղել, թե ինչու եք նման հայտարարությամբ հանդես գալիս։ Տեղյակ չէի՞ն, որ Դուք նման հայտարարություն եք ուզում անել։   

-Մեր խմբակցությունը ժողովրդավարական հիմքերի վրա դրված խմբակցություն է, եւ նորմալ է, որ որեւէ մեկը կարող է մի իրավիճակին այլ կերպ արձագանքել եւ տարբերվող որոշակի կարծիք ունենալ։ Էստեղ շատ կարեւոր է մեկնաբանությունը։ Ես ուզում եմ նշել եւս մեկ անգամ, որպեսզի թյուրըմբռնում տեղի չունենա.  որեւէ մեկը ՄԻՊ-ի հետ սպառնալիքի լեզվով չի խոսել, եւ շատ ցավում եմ, որ նման միտք է հնչել։ Ուզում եմ նշել, որ շատ հարգում եմ տվյալ գործընկերոջը, եւ որեւէ  անձնական միտում տեսնել պետք չէ։ Եվ ուզում եմ արձանագրել, որ քննադատությունը նորմալ երեւույթ է քաղաքական թիվ մեկ ամբիոնից, եւ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք լսել քննադատություն։

-Բուռն քննադատեցիք, հավանաբար դա էր նման արձագանքի պատճառը։ Չէ՞ին  սպասում,  որ նման բառերով կնկարագրեք ՄԻՊ-ի զեկույցը։

-Էստեղ խնդիրը բուռն կամ ոչ բուռն քննադատելու մեջ չէ։ Եվ եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ սա քննադատություն էր, տարբերվող կարծիք, եւ որեւէ անձնական միտում չկա։ Զուտ գործունեության հետ կապված՝ ես իմ մտքերն եմ արտահայտել ԱԺ ամբիոնից։

-Իսկ բավարար պատասխան ստացա՞ք մարդու իրավունքների  պաշտպանի զեկույից, որը հենց Ձեր հարցին էր ուղղված՝ կանանց բռնություններին։

-Ես, անկեղծ ասած, ամբողջությամբ չհասցրեցի դիտել ելույթը, բայց անպայման դրան էլ անդրադարձ կունենամ եւ կասեմ՝ բավարար էր, թե ոչ։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՎԵԹԹԻՆԳԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՆ

 

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Դատական օրենսգիրքը, որով, այսպես ասած, վեթթինգ է իրականացվելու, հետադարձ ուժ չի ունենալու: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այս հարցն ուղիղ եթերում քննարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այդպիսի հայտարարություն արել:

 

Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ ողջ գործընթացը. դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով. «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»:

Բադասյանը վարչապետի հետ հանդիպմանը նկատեց, որ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու:

Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարո՞ղ է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ, օրինակ, 2013-ին ձեռք բերած գույքի համար»:

Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետեւանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են սահմանադրական փոփոխություններ: Այսինքն՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք՝ համատարած վեթթինգ»:

Այսինքն՝ համատարած վեթթինգ չի լինելու, քանի որ դրա համար սահմանադրական փոփոխություններ են պետք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Կարանտինային այս ամիսների ընթացքում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մթերային փոքր խանութների աշխատողները դժգոհում են՝ նշելով, որ առեւտրի ծավալները զգալի նվազել են: Քաղցրավենիք վաճառողներից մեկը ArmLur.am-ին փոխանցեց, որ քաղցրավենիք վաճառել է անգամ ապառիկ տարբերակով: Խանութներից մեկի աշխատողը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ ինքն այս ամիսներին ավելի շատ վաճառել է մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ: Ի դեպ, այս խանութում հնդկաձավարի մեկ կիլոգրամն այժմ վաճառվում է 700 դրամով: Աշխատողի խոսքով՝ հնդկաձավարը վերջին ամիսներին 450-500 դրամից թանկացել է՝ դառնալով 700 դրամ: Բացի այս, տեղեկացանք նաեւ, որ ռուսական ծագման մակարոնեղենը 50 դրամով է թանկացել՝ մեկ կիլոգրամը 350 դրամից դարձել է 400 դրամ: Իսկ, ահա, մեկ այլ խանութի աշխատող ArmLur.am-ին փոխանցեց, որ ինքն ավելի շատ վաճառել է արեւածաղիկ, սուրճ: ArmLur.am-ին բանջարեղենի վաճառքով զբաղվող առեւտրականներից մեկը տեղեկացրեց, որ այս ամիսներին վաճառվել է կանաչի, կարտոֆիլ, միայն քիչ թվով մարդիկ են, որ մրգեր են գնել:

 

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ

Սահմանամերձ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչներն այս տարի կունենան հիմնանորոգված ճանապարհ: Այս դրական լուրի մասին սոցցանցի իր էջում  շտապել է տեղեկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է նաեւ, որ բերքաբերցիներն իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով, եւ նկատել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Պարզվում է՝ 1980 թվականից ի վեր ճանապարհը չի նորոգվել: Բացի այս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է նաեւ մեկ այլ դրական լուրով՝ հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր: Ըստ վարչապետի՝ նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Այսինքն՝ գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել: Այս տարվանից ճանապարհը ասֆալտապատված կլինի:

 




Լրահոս