ԻՆՉՊԵՍ ԿԲՌՆԱԳԱՆՁԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին ի վերջո ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները: Ընդ որում, դրանք Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին, եւ Արմեն Սարգսյանն այն ստորագրեց վերջին օրով: Եվ, չնայած դրան, Սարգսյանը նաեւ նշել է, որ ուշադիր հետեւելու է օրենքի կիրառմանը, եւ, ամեն դեպքում, մտահոգություններ կան:

 

«Հանրապետության նախագահը մեծապես կարեւորում է հանցավորության դեմ պայքարը: Միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը եւ վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը: Հարկ է հաշվի առնել նաեւ անձնական տվյալների, ձեռնարկատիրական եւ մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների եւ ընդհանրապես հանրության համար:

Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարեւոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ եւ համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին: Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները եւ բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:

Օրենքը պետք է կիրառվի բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով կոռուպցիոն դրսեւորումները, խտրականությունը, ոչ իրավաչափ ազդեցության ռիսկերը», – ասված է Արմեն Սարգսյանի աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են դատական համակարգի բարեփոխումները:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկման եւ վեթինգի իրականացման մասով։ Կողմերը հանգամանալից քննարկել են  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման մեխանիզմները, որը երեկ ստորագրվել էր ՀՀ նախագահի կողմից:

Իսկ ի՞նչ է ենթադրում օրենքը, եւ ինչպե՞ս կարող են բռնագանձել գույքը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը եւ օգտագործումը եւ ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող եւ ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը:

Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների եւ նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա, եւ ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը:

Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման եւ հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։

Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը կարող է ներկայացվել եւ քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի եւ եկամուտների մինչեւ անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը։

Հավելենք, որ օրենքը ուժի մեջ կմտնի մայիսի 21-ից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքը, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

 

 

ՁԳՏՈՒՄ Է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը, որոնց մոտ վիրուսը ասիմպտոմ կերպով է արտահայտնված, բուժօգնություն են ստանում հյուրանոցներում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր նաեւ տնային պայմաններում բուժման անցնելու տարբերակի մասին: Նա նկատել էր, որ դեպքերի զգալի մասը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում տնային պայմաններում, եւ արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին: Նախարարը նշել էր՝ Հայաստանը ձգտում է դրան չհասնել, անել այնպես, որ բոլոր հնարավոր դեպքերը բուժեն առնվազն հյուրանոցային պայմաններում կամ հիվանդանոցային պայմաններում, եթե ունեն ստացիոնար բուժօգնության կարիք:

 

 

ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Ազգային ժողովը երեկ երկարաձգել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործունեության ժամկետի երկարաձգման մասին որոշման օգտին քվեարկել է 99 պատգամավոր։ Ժամկետը երկարաձգվել է 3 ամսով:

 

 

ԱՃ ԿԱ

ՀՀ պետեկամուտների կոմիտեն  տեղեկացնում է, որ 2019 թվականին ՀՀ արտաքին եւ փոխադարձ առեւտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել: «ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 

 

ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրեն լավ է զգում: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, թե մեկուսացած է տանը, այս օրերին գանգատներ չի ունեցել, սակայն թեթեւակի ջերմել է: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե կրկնակի թեստ անցնելու անհրաժեշտությունը պարզ կդառնա մեկուսացման ժամկետի ավարտից հետո: Նա կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվել է ապրիլի 30-ին, եւ մի քանի օր անց կլրանա 14-րդ օրը, որը մեկուսացման պարտադիր ժամկետն է: Հիշեցնենք, որ պատգամավորի օգնականի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եւ դրանից հետո Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել: Նրա եւ որդու մոտ թեստի արդյունքները բացասական են եղել, սակայն, չնայած դրան, երկուսն էլ մեկուսացված կմնան այս ընթացքում:

 

ՉԻ ՍՏԱՑԵԼ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորը դեռեւս 2017 թվականից պետք է կոնկրետ ՊԵԿ-ից ապացույց պահանջեր, սակայն մինչ օրս դիմում չի ներկայացրել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում ողջամիտ ժամկետն է խախտվել, ասել է թե՝ դատավորը անգործություն է ցուցաբերել, ինչի հետեւանքով նախազգուշացում է ստացել: Փորձեցինք կապ հաստատել դատավոր Նաիրա Հովսեփյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ պաշտոնապես որոշումը չի ստացել, ուստի չի կարող մեկնաբանել: Նշենք, որ մամուլում նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Նաիրա Հովսեփյանի գործունեության վերաբերյալ. նա դեռեւս 2013-ին պատասխանատվության է ենթարկվել նախազգուշացման տեսքով, ինչը մարվել է:

Սակայն նկատենք, որ բոլոր դատավորները այս օրերին բարձրաձայնում են ծանրաբեռնվածության մասին, ինչի արդյունքում էլ խնդիրների առաջ են կանգնում։

 

6 ՆՈՐ ԴԵՊՔ

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Ըստ Կոտայքի մարզպետարանի՝ մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում կան  կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է:

 

 




Լրահոս