ՌՈ ՊԵՏԸ ԿԱՆՉԵԼ «ՀԱԹԱԹԱ Է» ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2020 թվականին  բանակում առկա իրավիճակի համար Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից:

 

Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ 2020 թվականի փետրվարի 21-ին նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար 6 ամիս ժամկետով նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի եւ ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները եւ հորդորել զսպվածություն դրսեւորել: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը: Իսկ, ահա, Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել:

Եվ, ահա, շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար է,  եւ վերջինիս նշանակումից հետո Ռազմական ոստիկանությունում ներքին խմորումները չեն դադարում:  Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  Ռազմական ոստիկանությունում կան տարբեր ստորաբաժանումների՝ նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսան Աղաջանյանի նշանակման հետ, եւ դեռ ավելին՝ Ալեքսան Աղաջանյանը  եւս նրանց աշխատանքից գոհ չի եղել:

Արդյունքում,  «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն,  Ալեքսան Աղաջանյանը իր մոտ  է հրավիրել  նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ ընկերական կապի մեջ գտնվող ՌՈ պաշտոնատար անձանց եւ  «հաթաթա  տվել»՝ եթե կաշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի,  ազատման դիմում կգրեք:  Եվ, ահա, ՌՈ որոշ աշխատակիցներ դիմել են իշխանության իրենց ծանոթներին, որ օգնեն իրենց զսպել Ալեքսան Աղաջանյանին կամ այնպես անեն, որ իրենց աշխատանքից չազատեն:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսից բացատրել են, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն, թե չէ ազատումն անխուսափելի կլինի, ու իրենք էլ որեւէ բան չեն կարող անել:

«Ժողովուրդ»  օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Ձեր նշած տեղեկությունը, որ պարոն Աղաջանյանը կոնկրետ  աշխատակիցների կանչել եւ  պահանջել է, որ պետք է չաշխատելու դեպքում  դիմում գրեն ազատվեն, իրականությանը չի համապատասխանում: Մայիսի 5-ին Ռազմական ոստիկանությունում  ամփոփվել են  կատարված աշխատանքների արդյունքները,  եւ իր  ելույթում պարոն Աղաջանյանը նշել է, ուղղակի տեղեկացրել է  ծառայողներին, որ ով աշխատի, նա կխրախուսվի, իսկ ով թերանա, կարժանանա համապատասխան գնահատականի: Այսինքն՝  նա խրախուսել է աշխատանքը, հետեւողական լինելը, ծառայողական պարտականությունները կատարելը, իսկ ինչ վերաբերում է աշխատանքից դիմում գրել ազատվելուն, ռազմական ոստիկանության պետը նման հայտարարություն չի կարող անել, քանի որ դա իրավական չէ, նա ընդամենը ասել է՝ եթե կթերանան, կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն՝ կիրականացվի  տույժ, կիրականացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել: Ռազմական ոստիկանությունում շատ առողջ  եւ նորմալ միջավայր է, եւ ՌՈ ծառայակիցները իրականացնում են իրենց ծառայողական պարտականությունները»: Հավելենք, որ ՌՈ պետ Ալեքսան Աղաջանյանի՝ ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս, եւ  հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ, սակայն դատելով ՊՆ-ի ներսում առկա տրամադրվածությունից՝ Ալեքսան Աղաջանյանը կվերանշանակվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԻՐԱՑՈՒՄ

ՊԵԿ-ը բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տվյալներ էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները՝ ՊԵԿ աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս եւ Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սեւահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետեւ ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երեւանում տարբեր ֆիզիկական անձանց։ Դեպքերի առթիվ, Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով, 20 մլն դրամ գումարի չափով կազմվել են արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաեւ առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց։

 

 

ՉԵՆ ՄՈՒԾԵԼ

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի եւ նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն եւ Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել եւ գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծվել պետական բյուջե:

 

 

14 ԳԱՆԳԱՏ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. փոխանցել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։ Մայիսի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին։  «Իզմիրլյան» բկ-ում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը երեկ առավոտյան վիրահատվել է։

 

 

ԱՂՋԿԱՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Իսկ ինչի՞ համար է նա սպանել «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Արման Գրիգորյանը առեւանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ ազատազրկման դատապարտվել: Եվ, ահա, տարիներ անց՝ բանտից դուրս գալուց հետո, գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր եւ հաշվեհարդար տեսել նրան հետ ու սպանել նրան: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին, որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաեւ ինքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 16 տրամաչափի փամփուշտի խոշոր տրամաչափի կոտորակ եւ նույն տրամաչափի պարկուճի պլաստմասե խիճ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

 

585.000-Ի ՎՆԱՍ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: Հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին։

 

 

 




Լրահոս