«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Դալիթա Ավանեսյանի հետ մասնագիտության ընտրության եւ առաջիկա անելիքների մասին։
-Դալիթա՛, վերջին ժամանակահատվածում Ձեզ ավելի շատ կարելի է տեսնել որեւէ սիթքոմում, քան հեռուստաէկրաններին։ Վերջին անգամ ո՞ր սիթքոմում եք խաղացել։
– Վերջին անգամ խաղացել եմ «Նվագախմբի երեխաները» սիթքոմում, որտեղ մարմնավորել եմ Աննայի կերպարը։
-Ինչո՞վ էր առանձնանում այն Ձեզ համար։
– Այն առանձնանում է նրանով, որ առաջին եւ մինչ օրս միակ մանկապատանեկան մյուզիքլ սիթքոմն է Հայաստանում։
-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։ Նոր տեսահոլովակ, միգուցե զուգերգ սպասվո՞ւմ է։
-Կլինեն տարբեր նորություններ՝ ոչ միայն երգեր, այլ նաեւ ֆիլմեր։ Ունեմ մի քանի նոր երգեր, որոնցից երկուսի հեղինակը ինքս եմ. երբ հարմար պահը գա, սիրով կներկայացնեմ իմ լսարանին։
-Իսկ ո՞ր փուլում է գտնվում Ձեր մոդելային կարիերան։ Այդ ոլորտում ի՞նչ նորություններ ունեք։
– Ցավոք այս տարի մոդելային կարիերայում դեռ չունեմ որեւէ նորություն։ Իսկ մոդելային մրցութային առումով վերջինը եղել է Ֆրանսիայի Լակոստ քաղաքում կայացած «Պիեռ Գարդեն» մրցույթ-փառատոնի Գրան պրին 2017 թվականին։
-Դալիթա՛, այս տարի ավարտում եք Հայաստանի ամերիկյան կամալսարանի «Համակարգչային գիտություն եւ ճարտարագիտություն» ֆակուլտետը։ Շարունակելո՞ւ եք, թե՞ …
– Այո, այս տարի ավարտում եմ Ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություն եւ ճարտարագիտություն» ֆակուլտետը եւ մասնագիտությունս շարունակելու եմ մագիստրատուրայում։
-Դալիթա՛, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայկական շոու-բիզնեսում հաստատվելը դժվար է՝ թե՛ ֆինանսական, թե՛ այլ հանգամանքով պայմանավորված։ Հիմա է՞լ եք այդպես կարծում, քանի որ վերջին տարիներին հայտնի դառնալն այնքան էլ դժվարություններ ու տաղանդ կարծես թե չի պահանջում։
-Միգուցե վերջերս հայտնի դառնալը ավելի հեշտ է դարձել, սակայն ես նույն կարծիքին եմ, որ լավ արդյունք ստանալու համար պետք է զարգանալ որպես արտիստ ու պահպանել որակ, եւ արվեստի արժեքները պահանջվում են ջանքեր, ֆինանսական ներդրումներ եւ բարդ աշխատանք։
-Ունե՞ք պրոդյուսեր, ո՞վ է զբաղվում Ձեր գործունեությամբ:
– Միշտ մայրս է հետեւել եւ զբաղվել իմ գործունեությամբ։
-Ո՞ր համաշխարհային աստղի հետ կցանկանայիք մի բեմում հայտնվել եւ երգել։
– Միանշանակ Թեյլր Սուիֆտի (Taylor Swift)։
-Եվ վերջում՝ ինչպե՞ս եք անցկացրել կարանտինային շրջանը։ Ի՞նչ եք կարծում, այս համաճարակը ե՞րբ կավարտվի։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։
– Կարանտինային շրջանը անցկացրել եմ ընտանիքիս հետ Երեւանում՝ մեր տանը՝ խստորեն հետեւելով բոլոր կանոններին ու սահմանափակումներին, բոլոր դասերիս եւ համալսարանիս ուսումնական ծրագրին հետեւել եմ օնլայն։ Հույսով եմ, որ հնարավորինս շուտ կավարտվի այս համաճարակը, եւ կյանքը կվերադառնա իր բնականոն հունին։
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՅՈՒԼԻԱ ՖԻՆԿ. «ԿՐՈՒՄ ԵՄ ՆԱԵՎ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻՑ»
Արտաքինում ամենակարեւորը խնամված լինելն է, ինչը չի նշանակում շատ շպարվել ու տարբեր հագուստներ կրել. կնոջ խնամվածության ամենակարեւոր գրավականը մաքուր մազերն է։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Յուլիա Ֆինկը՝ անդրադառնալով նորաձեւության տենդենցներին ու իր նախընտրելի ոճին։
«Ես ինքս չեմ սիրում նորաձեւության տենդենցներին հետեւել, եթե, օրինակ, այս տարին ինչ-որ բան նորաձեւ է, չեմ սիրում այդ նույն բանը կրել, քանի որ բոլորը նույն բանն են հագնում։ Սիրում եմ ոճերը խառնել, կոնկրետ նույն ոճի հագուստներ չունեմ, սիրում եմ տարբեր ոճերի մեջ լինել, իմ զգեստապահարանում չկա կրկնվող հագուստներ։ Կարող եմ մի օր լրիվ դասական հագնվել, մի օր լրիվ այլ ոճի մեջ լինել»,-ասել է նա։ Դերասանուհու նախընտրելի եւ սիրելի ոճը «բոխո» ոճն է: Ըստ մեր զրուցակցի՝ նա հենց այս ոճում է իրեն ավելի հարմարավետ եւ նորաոճ զգում։ «Այդ ոճի մեջ ինձ ավելի ազատ եւ հանգիստ եմ զգում։ Սիրում եմ ավելի «յունիսեքս» ոճը, որովհետեւ սիրում եմ խառնել կանացի հագուստը տղամարդու հագուստին. դա կարող է լինել գոտի, վերնաշապիկ։ Լինում են դեպքեր, որ կրում եմ նաեւ ամուսնուս բաճկոններից, բլուզներից, վերնաշապիկներից, քանի որ հիմա նորաձեւ է ու ավելի լավ է նայվում»,-ընդգծել է Յուլիա Ֆինկը։ Դերասանուհին առօրյայում սիրում է կրել սպորտային հագուստներ, որը նաեւ հարմարավետ է երեխաների հետ, քանի որ նրանք նոր են սկսել քայլել եւ անընդհատ շարժման մեջ են։ «Շատ վառ գույներ չեմ սիրում եւ կարծում եմ, որ ինձ սազում են ավելի պաստելային գույներ՝ սպիտակ, սեւ գույները, փիրուզագույնը սպիտակի եւ ոսկեգույն աքսեսուարների հետ։ Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց դեպքում այլ է: Այն տենդենցը, որ զույգերին միանման են հագցնում, իհարկե ես դեմ չեմ, բայց ես դա չեմ սիրում։ Փորձում եմ տարբեր հագցնել, քանի որ առանձին անհատականություն են, ամեն մեկը յուրովի է։ Սիրում ենք չորսս էլ նույն գույների մեջ հագնվել, այս շրջանում՝ հիմնականում սպորտային ոճի մեջ։ Անդրադառնալով թագավարակի տարածմանը եւ կանխատեսումներին՝ Յուլիա Ֆինկը հավելեց. «Քանի որ այս շրջանում չեմ աշխատում, ավելի շատ տանն եմ լինում երեխաների հետ։ Արտյոմի դեպքում ավելի զգույշ եւ ուշադիր ենք, երեխաների զբոսանքի ենք տանում ավելի մեծ այգիներում, որպեսզի մարդկանց հետ շփում չլինի, այնպես, ինչպես բոլոր նորմալ, խելամիտ ընտանիքներում է։ Հուսով եմ՝ այս համաճարակը շուտով կավարտվի եւ սեզոնային գրիպի նման ինչ-որ բան կմնա, հուսանք՝ այս ամենը շուտ կավարտվի»։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՎԱՃԱՌԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Իտալական «Ռոման» շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու նպատակով: «Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին եւ հակված է համաձայնության գալ «Ռոմայի» ներկայացուցիչների հետ: Իտալական մարզական պարբերականներից մեկին տված հարցազրույցում «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել էր, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 31-ամյա Մխիթարյանին, որը եւս չի ցանկանում հեռանալ «Ռոմա»-ից: Ավելի վաղ Sport Mole-ը տեղեկացրել էր, որ «Արսենալն» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը եւ պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը: «Ռոմա»-ում վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
ԼԱՎ ԿԼԻՆԻ
Միլանի «Ինտեր»-ի նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Շատ լավ կլինի, եթե «Ինտերին» հաջողվի թիմում պահել Լաուտարո Մարտինեսին: Նա մեծ հեռանկար ունեցող հարձակվող է եւ կարող է մեծ օգուտ բերել ակումբին: Այնուամենայնիվ, նա արդեն «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է, եւ «Ինտեր»-ին դժվար թե հաջողվի համոզել Լաուտարոյին չհեռանալ»,- ասել է Մորատին։ «Բարսելոնա»-ն արդեն համաձայնության է եկել 22-ամյա հարձակվողի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում եւ այժմ բանակցում է «Ինտեր»-ի հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու նպատակով:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ
Մադրիդի «Ռեալ»-ի եւ Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: «Աթլետիկո»-ի ղեկավարությանը հաջողվել է կոլումբացի կիսապաշտպանի համար պայքարում առաջ անցնել մյուս թիմերից եւ համաձայնության գալ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը», որը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Խ. Ռոդրիգեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիս: Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 10 խաղում դարձել է 1 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
ԿԳՈՒՄԱՐՎԻ ԺՈՂՈՎ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի՝ 2020թ. տարեկան ընդհանուր ժողովը կգումարվի 2020թ.-ի մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երեւան, Արամի 82-84 հասցեում: Արտակարգ դրություն եւ/կամ ժողովի առկա գումարումն անհնարին դարձնող այլ հանգամանքներ լինելու դեպքում Ժողովը կգումարվի հեռակա ձեւաչափով՝ էլեկտրոնային քվեաթերթիկներով քվեարկելու միջոցով։