ՍՏԻՊՎԱԾ ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման մասին: Նկատենք, որ վարչապետը երեկ շրջել է Երեւանի փողոցներում՝ հասկանալու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացիները պահպանում են պահանջները վիրուսի կանխարգելման համար, ապա նշել, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ չունեն: Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ վարչապետն իր որոշումը կհայտնի կառավարության նիստում, եւ ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի՝ արտակարգ դրության հարցը քննարկելու համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը նախապատմություն ունի: ՀՀ կառավարությանը մի խումբ իրավաբաններն են համոզել կրկին Հայաստանում երկարաձգել արտակարգ դրությունը: Բանն այն է, որ երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելը շատերի կարծիքով անիմաստ է այն դեպքում, որ գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակումները հանված են: Բայց իրավաբանները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ միայն արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտության դեպքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կկարողանա շտապ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հրատապ հարցերի վերաբերյալ կառավարությունը ստիպված կլինի անհրաժեշտ որոշումները օրենքով սահմանված կարգով ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են նաեւ, որ թե՛ կառավարությունում, թե՛ օրենսդիր մարմնում դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, բայց իրավական առումով կազուսային իրավիճակ կստեղծվի, եթե այն չերկարաձգվի: Հիշեցնենք, որ առկախված է մնում նաեւ սահմանադրական հանրաքվեի հարցը, որը կարող է չկայանալ միայն արտակարգ դրության պայմաններում:

 

 

Մայիսի 6-ին, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով, Արամ Կարախանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթին այս նշանակման շուրջ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` Արամ Կարախանյանի նշանակումը Գլխավոր հարկադիր կատարման ծառայությունում լավ չեն ընդունել, անգամ ծառայության աշխատակիցները գնահատական են հնչեցրել, թե ինչու են համակարգ բերում նախկին իշխանության կցորդներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելուց հետո ԴԱՀԿ պետ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, իսկ Արամ Կարախանյանը եղել է Արմեն Հարությունյանի օգնականը: Ի դեպ, Գլխավոր հարկադիր կատարման ծառայությունում տարածված լուրերի համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Արմեն Հարությունյանի եւ Արամ Կարախանյանի «տանիքն» է եղել Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտը՝ Հրայր Ղուկասյանը: Եվ, ահա, ծառայությունում տարածված լուրերի համաձայն՝ Արամ Կարախանյանը համակարգից հեռացել էր Արմեն Հարությունյանի հետ միասին եւ այս օրերին Կադաստրի կոմիտեում որպես օգնական էր աշխատում: Բայց Կադաստրի նորանշանակ պետը վերջինիս ազատել է պաշտոնից, եւ ստացվում է` Կարախանյանը կրկին հետ վերադարձավ Հարկադիր կատարման ծառայություն: Եվ հիմա Ծառայությունում տարակուսած են, թե ինչպես կարող էին թույլ տալ, որ օգնականի դեր կատարած անձը նշանակվի պետի տեղակալ:

 

 

Հրապարակվել է հայտնի գործարար Միխաիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատերը, այս տարվա մարտի 10-ից սնանկ է ճանաչվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Բաղդասարովի պարտատերի ցուցակի առաջին հորիզոնականում է: Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար: Ի դեպ, ցանկի երկրորդ տեղում իր կողմից ստեղծած «Արմավիա» ավիաընկերությունն է, որին կուտակած պարտքը կազմում է ավելի քան 6.6 հազար դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաղդասարովը պարտք է նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 280 հազար դրամի չափով: Նշենք, որ Բաղդասարովը մոտ 73 մլն դրամի չափով պարտք է նաեւ Վահե Խաչատրյան անունով մի քաղաքացու, որն էլ հենց Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան: Բացի այս, գործարարը պարտք է նաեւ «Բիբլոս Արմենիա», «Էյչ Էս Բի Սի» բանկերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարովի պարտատերերի ցանկը դեռ կավելանա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներն ավելի կխստացվեն: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, եւ կառավարությունը նպատակահարմար է գտնում դրանք արդյունավետ կառավարելու նպատակով օտարումն իրականացնել միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համաձայնությամբ: Այսինքն՝ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում: Իսկ այս փոփոխությունը պատահական չէ, եւ գաղտնիք չէ, որ հողերը համայնքի ղեկավարները տվել են իրենց բարեկամներին: Օրինակ՝ դատախազության կողմից 20 քրեական գործ է հարուցվել Սյունիքում նման դեպքերի առնչությամբ:  Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձեւական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման եւ շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Թերեւս այս փոփոխությունը թույլ կտա խուսափել նման դեպքերից:




Լրահոս