ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ, ապա գրեթե բոլոր պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Այս միջադեպից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սա համարում է հեղափոխական թիմի ամենամեծ պարտությունը: Նկատենք, որ հաճախ նման կարծիքներ է արտահայտում նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ընդհանրապես բռնության դատապարտումն ու բռնության մերժումն իրենց քաղաքական թիմի առաջնային օրակարգերից է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, մայիսի 8-ին խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ: Կարելի է ասել՝ Դուք այն կին պատգամավորներից էիք, որը մոտեցավ եւ փորձեց հաշտեցնել: Վերլուծե՞լ եք այս ընթաքցում, թե ինչ տեղի ունեցավ, ինչից առաջացավ վիճաբանությունը:

-Վիճաբանության շուրջ դատողություններն այնքան շատ են, որ բոլոր հնարավոր վարկածներն արդեն քննարկվել են: Բայց ես կառաջարկեի այս խոսակցությունները դադարեցնել, որովհետեւ ես կարդացի պարոն Մարուքյանի հայտարարությունն առ այն, որ այսուհետ հարցը ՀՀ գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության տիրույթում է: Եվ չեմ կարծում, որ եթե հարցն այդ տիրույթում է, ապա պետք է շարունակել քաղաքական գնահատականներ տալ. հիմա արդեն այդ մասին խոսելը ճիշտ չէ:

-ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ երկու պատգամավորներ հետեւից իրեն հարվածել են, որն անթույլատրելի է: «Լուսավոր Հայաստան»-ն ուզում է, որ նման բռնությունը չկրկնվի եւ դատապարտվի: Դուք դատապարտելի համարո՞ւմ եք այս ամենը:

-Ընդհանրապես բռնության դատապարտումն ու բռնության մերժումը մեր քաղաքական թիմի առաջնային օրակարգերից է: Եվ եթե նկատել եք, հենց  նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ 6 անգամ կրկնել, որ դատապարտում է այդ երեւույթը եւ բոլոր  մասնակից կողմերին: Բայց նորից վերադառնամ նախորդ պատասխանին, ասեմ, որ ինձ թվում է, որ երեկվա հայտարարությունից հետո պետք է հնարավորինս քիչ մեկնաբանենք կոնկրետ այս իրադարձությունները: Իսկ  բռնության կիրառման մերժումն  ինձ համար առանցքային նշանակություն ունի: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ տեղի ունեցածը ոչ միայն տհաճ է, որ այլ նաեւ անընդունելի, եւ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ հետագայում մեր հասարակական, քաղաքական եւ ԱԺ-ում տեղի ունեցող հարաբերությունները նման ձեւով չլուծվեն, այլ միայն խոսքի տիրությում:

-Սա Դուք Ձեր թիմի պարտությունը համարո՞ւմ եք: Վարչապետն իր ելույթում խոստովանեց, որ սա իր թիմի առաջին պարտությունն էր: 

-Ես ինձ համար սա համարում եմ պարտություն: Եթե կոնկրետ անձնապես, իմ տեսակետից խոսելու լինեմ, ես սա համարում եմ մեծ պարտություն, որովհետեւ դա մեր քաղաքական ինքնության առանցքն է:

-Այսինքն՝ Դուք համարո՞ւմ եք, որ երկու կողմի սխալ եղավ, թե սա «Իմ քայլի» սխալն էր, որը բերեց պարտության: Նշվեց նաեւ, որ սա սադրանք էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե, ես սա երկողմանի սխալ եմ համարում: Սա ոչ միայն սադրանք էր, այլ հետագայում տեսանյութերից տեսնում ենք, որ տարբեր դրվագներ կան, որ սա երկկողմանի խնդիր է: Բայց ես ինձ առավել պատասխանատու եմ զգում իմ քաղաքական թիմի համար: Ես ինձ վատ եմ զգում մեր դեմ կատարած սադրանքին տրվելուն:

-Վերջին շրջանում քննադատվեց խորհրդարանում ընդունված կոնվենցիան, որը պետք է պայքարի մանկապղծության դեմ: Դուք չմասնակցեցիք քվեարկությանը: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս կոնվենցիայի մասով, եւ ի՞նչն էր խնդիրը, որ քվեարկությանը չեք մասնակցել, քանի որ Ձեր խմբակցությունը կողմ քվեարկեց այս կոնվենցիային:

-Զուտ տեխնիկական է եղել պատճառը, որովհետեւ ուշացել էի: Ուզում եմ հայտնել, որ լիովին կիսում եմ իմ թիմի որոշումն ու պատասխանատվությունը: Ես ինքս մասնակցել եմ մարդու իրավունքների հանձնաժողովի նսիտին եւ հանձնաժողովում կողմ եմ քվերակել, միաձայն ենք կողմ քվերակել այդ թվում եւ ընդդիմության հետ, եւ լովին կիսում եմ այն արժեքները, որը ներկայացված է կոնվենցիայում:  Բնականաբար, դատապարտում եմ մանկապղծությունը եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա լուրջ գործիքակազմ այս տեսակի դեմ պայքարելու համար: Տարիօրինակ կլիներ, եթե հակառակ մոտեցում ունեցող մարդիկ լինեին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մայիսի 11-ին կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ այդ փոփոխությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հնարավորություն կունենա դիմել գլխավոր դատախազին որեւէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Նշենք, որ հիմա նա նման լիազորություն չունի, եւ միայն գլխավոր դատախազը կարող է դիմել Քննչական կոմիտեի նախագահին՝ խդրելով պատժել քննիչներին: Սակայն, իհարկե, սա միակ փոփոխությունը չէ, որ առաջարկվում է այս նախագծով: Նախ հստակեցում է կատարվում կոմիտեի լիազորություններում:  Հիմնավորման մեջ նշվում է, որ գործերի նախաքննության ընթացքում բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են Կոմիտեի հետ՝ անկախ իրենց կարգավիճակից, իրենց անձնական տվյալներն են հայտնում վարույթն իրականացնող մարմնին: Այդ տվյալները պահպանվում են թե՛ թղթային տարբերակով, թե՛ էլեկտրոնային կամ սքանավորված եղանակով: Եվ այժմ նրանք անհրաժեշտություն են տեսնում սահմանել այդ տվյալների օգտագործման ռեժիմը: Այս նախագծով ամրագրվում է, որ Կոմիտեում ձեւավորված տեղեկատվական շտեմարանները կարող են օգտագործվել բացառապես իր լիազորություններն իրականացնելու, այսինքն՝ նախաքննության կազմակերպման եւ իրականացման նպատակով:

Փոփոխություն է կատարվում նաեւ կառույցի հրապարակայնության առումով: Այժմ գործող կարգի համաձայն՝ Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունվարի 31-ը, կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ Քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Այժմ առաջարկ է արվում այդ ժամկետը երկարաձգել մինչեւ ապրիլի 1-ը՝ մեկնաբանելով, թե այդ ամենը լայնածավալ աշխատանք է, պետք է վերլուծություններ անել, համագործակցել այլ կառույցների հետ: Սակայն փոփոխություններ են կատարվել նաեւ կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջներում: Ամրագրվելու է, որ կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքը նախատեսում է բացառություն Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձանց համար, ովքեր կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ: Օրենքի 17-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետեւյալ կերպ. «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀՔԾ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ի դեպ, երեկ պատգամավորը գնացել էր դատաբժշկի մոտ, քանի որ դատաբժշկական  փորձաքնության մասին որոշում էր կայացվել: Լրագրողների հարցին՝ ինչ է գրել պատգամավորը բացատրության մեջ, Մարուքյանը պատասխանել է, որ ներկայացրել է այն ամենը, ինչ երեւում է տեսանյութերում:  «Իմ ակնկալիքը քաղաքական է եւ քաղաքական հետեւանք պետք է ունենա:  Ամեն մի պատգամավոր կարող է  մտածել, որ իրեն կարող է խփեն, իր նկատմամբ բռնություն կիրառեն իր հայտնած կարծիքի, իր հայտարարությունների համար: Եթե քաղաքական հետեւանք չլինի, դա կարող է կրկնվել»,-հայտարարել է Է. Մարուքյանը: Լրագրողները նաեւ հետաքրքրքվել են, թե ինչպես են վերաբերվում մանդատները վայր դնելու առաջարկին, որին ի պատասխան՝ նկատել է. «Պահանջել ծեծ կերած մարդկանցից մանդատ դնել, երեւի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան»:

 

228 ԴԵՊՔ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի փոխանցմամբ՝ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: «Ունենք 110 առողջացած եւ 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաեւ, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում եւ խնդրում բոլորիդ շարունակել հետեւել անձնական հիգիենայի սահմանված կանոններին եւ կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսեւորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,-նշել է մարզպետը:

 

ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչեւ հունիսի երկուսը գնում է արձակուրդ: Այս մասին գրված է կառավարության պաշտոնական կայքում: ArmLur.am-ը տեղեկացել է, որ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը չի վերադառանալու այս արձակուրդից եւ հրաժարական կտա: Հավելենք, որ վերջին շրջանում  շատ է խոսվում փոխվարչապետի գրասենյակում առկա հակասությունների մասին:

 

 

 




Լրահոս