ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերության վարորդը մահացել է, եւ վերջինիս մահվան գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել ընկերության գլխավոր ինժեները:

 

Ի՞նչ է կատարվել ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերությունում

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ եւ միեւնույն ժամանակ տեխնիկական անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, դրանք խախտելով չի ձեռնարկել աշխատանքի պաշտպանության եւ տեխնիկայի անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ընկերության վարորդ Արտակ Սարգսյանի մահը: Այսպես, Ոսկան Սաֆարյանը՝ որպես տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձ, ունենալով պարտականություն անվտանգ ձեւով կազմակերպելու վարորդների աշխատանքը, չի կատարել իր պարտականությունները եւ թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության 16-րդ հոդվածի 1-ին կետի եւ 20-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի ա/ ենթակետի պահանջներին հակասող գործողություններ:

Իսկ ի՞նչ է արել կոնկրետ

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ՄԱՊ ՓԲ ընկերության վարորդ Արտակ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հրահանգել է գնալ Արմավիրի մարզի Այգեւան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարան» ՓԲ ընկերության տարածք եւ այնտեղ կայանված  ընկերության հաշվեկշռում գտնվող «ԼԱԶ» մակնիշի 496 UL 28 հաշվառման համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանել, ինչը չի մտել Ա. Սարգսյանի գործառույթների մեջ: Արտակ Սարգսյանը, չլինելով տվյալ աշխատանքը կատարելու համար պատշաճ կերպով անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորված, առանց որեւէ տեխնիկայի կիրառման, խախտելով ՀՀ կառավարության՝ 2007թ.-ի հունիսի 28-ի 955-Ն որոշման հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի» 9-րդ կետի բ. ենթակետի պահանջները, պահակ Գեւորգ Աբրահամյանի հետ կատարել է ավտոբուսի անվադողերը հանելու աշխատանքը՝ ավտոբուսը ամբարձիչով բարձրացնելով քարերի եւ փայտերի վրա, հակագլորման հենակներ չի տեղադրել, որի հետեւանքով ավտոբուսը սահել եւ ընկել է Արտակ Սարգսյանի վրա, եւ ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Այսինքն՝ Ոսկան Սաֆարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով («Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»): Մեզ հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանը նախկինում դատապարտված չի եղել, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Հավելենք, որ 2020 թվականի հունվարի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց եւ 30 մլն դրամ գրավի դիմաց Ալեքսան Պետրոսյանին («ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր) ազատ արձակեց: Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ տեղեկությունների՝  քրեական գործն առնչվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում եւ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն:

 

 

20 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել եւ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:  Դրանցից երեք քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնհինգը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Սյունիքի մարզի դատախազության կողմից, մարզպետարանի հետ գործակցությամբ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նաեւ նմանատիպ մյուս պայմանագրերը լուծելու ուղղությամբ:

 

 

ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 16:00-ին:  Նշենք, որ այս գործով մեկ անգամ արդեն նշանակվել էր դատական նիստ, որը, սակայն, պաշտպանների միջնորդությամբ հետաձգվել էր կորոնավիրուսի հիմքով: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Բաբլոյանն ու Բաբայանը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

 

 

ՇՄԱՅՍԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ

Armlur.am-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն կալանքից ազատելու հարցի քննությունը: Նախկին պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հույս ունի, որ արդարությունը կհաղթի, եւ իր որդին կհայտնվի ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, որպես մեղադրյալ  ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։ Հավելենք, որ դեռեւս 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նույն թվականի փետրվարի 4-ին Առաքելյանի որդին կալանավորվել էր, իսկ ապրիլի 24-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, մերժել էր Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությունը։ Ուրբաթ օրը Վերաքննիչը կորոշի՝ արդյոք Առաքելյանի որդին կալանքից կազատվի, թե ոչ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Մայիսի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Էջմիածնի բնակիչ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է:

 




Լրահոս