Երեւան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում: Ինչպես քաղաքային իշխանությունում կամ վարչական շրջանների աշխատակազմում մեծ թիվ են կազմում, օրինակ, ոստիկանության նախկին ծառայողները, այնպես էլ մեծ թիվ են կազմում նախկին կադրերը, որոնք նախկին իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել կամ, օրինակ, աչքի ընկել այս կամ այն միջադեպերով:
Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը
երկար տարիներ աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է նախկին պետ Միհրան Պողոսյանի մտերիմը: Նրա կենսագրական տվյալների մեջ եւս նշված է, որ 2014-2016թթ. եղել է է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետը, 2016թ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի պետը, 2016-2017թթ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժնի պետը, 2019թ. դեկտեմբերի 4-ին նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Ինչպես տեսնում ենք, ԴԱՀԿ համակարգում նա հաճախ է մի տեղից մյուսը տեղափոխվել: Տարբեր հրապարակումների համաձայն՝ նա 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին եղել է այն մարդկանցից մեկը, որը ցուցարարներին ցրելով է զբաղված եղել:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնն այժմ զբաղեցնում է Վահան Ալեքսանյանը որը մինչ այս զբաղեցնում էր Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Նա այդ պաշտոնին եղել է 6 տարի: Սակայն Վահան Ալեքսանյանն աչքի էր ընկել նաեւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ: Այս տեսանյութում երեւում է, թե նա ինչպես է քաշքշուկի մեջ ընկնում քաղաքացիների եւ Ալեն Սիմոնյանի հետ:
Մինչ այդ էլ գրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում աշխատանքի էր անցել տարիներ առաջ կաշառք ստանալու համար մեղադրվող Արամայիս Ավետիսյանը, որը եւս իր եղբոր հետ նախկինում աչքի էր ընկել ցուցարարների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքով:
Բարձրացված աղմուկից հետո Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, սակայն քաղաքային իշխանությունում նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: ArmLur.am-ը նաեւ ներկայացրել էր այն աշխատակիցներին, որոնք նախկինում ոստիկանության այս կամ այն բաժնում են աշխատել, եւ նրանց պաշտոն ստանալը պատահական չէ, քանի որ ներկայիս ոստիկանապետ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 11-ին Հաղարծին գյուղում՝ Աղստեւ գետից, դուրս էին բերում մայիսի 9-ին իր «ՎԱԶ-21015» ավտոմեքենայով գետն ընկած Դիլիջանի Թախտա թաղամասի 41-ամյա բնակիչ Ժիրայր Աղաջանյանի ավտոմեքենան, որի մեջ վարորդի դին էր: Այդ ժամանակ գյուղով ձգվող միջպետական ճանապարհը կարճ ժամանակ փակվեց՝ ելնելով վերամբարձ կռունկի, քարշակի, ինչպես նաեւ տեղում քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելու անվտանգությունից: Դա դուր չեկավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով իր ծառայողական Toyota մակնիշի 045 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով Իջեւան էր տեղափոխում իր կնոջը եւ աղջկան: Ի դեպ, մարզպետն ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտին կապելու: Ղեկի մոտ նստած մարզպետը, զայրացած, որ ճանապարհը փակ է, ճանապարհը հսկող ոստիկանության կապիտանի վրա մուննաթ գալով, նրանից պահանջում էր մոտենալ իրեն, սակայն հետո թողեց հեռացավ: Նախկինում գրել էինք, որ Տավուշի մարզպետի կինը՝ Արմինե Թումանյանը, Իջեւանում գնումներ կատարելու համար օգտվում է ամուսնու ծառայողական ավտոմեքենայից, բայց մարզպետը ժխտել էր դա:
ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Հովհաննես Մարաբյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պետի տեղակալի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Նա 2019թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպել եւ հսկել է ենթակա աշխատակիցների կողմից մաքսային կետի խոր զննման անգար մուտք եղած ավտոմեքենաների ու դրանցում առկա բեռների զննման, կշռման, հաշվառման եւ ձեւակերպման ողջ գործընթացը: Ներկրված բեռների մաքսային հսկողության ընթացքում Հ. Մարաբյանը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ամբողջ ծավալով չի կշռել եւ հաշվառել անգարում առկա բեռները, ներկրողները բեռնատար ավտոմեքենաներում բեռնել են չհայտարարագրված եւ անգարի ելքի դռան մոտ կուտակված 13 191,89 կգ քաշով ապրանքներ, որոնք մաքսային հսկողության տարածքից դուրս են բերվել՝ օգտագործելով որոշ ապրանքների ձեւակերպման փաստը հաստատող թվով 4 հայտարարագրերը, սակայն դրանց տեղափոխումը Երեւան քաղաք խափանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում: Հովհաննես Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՌԱՆՑ ՆՇԱՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսօրվանից իրականացնում է ծածուկ ծառայություն: Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Այն իրենից ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն՝ գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով:
Պարեկային ավտոմոբիլներով եւ մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը: Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, եւ նրա մոտ ծառայողական վկայականի եւ ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց մի քանի վարորդների հետ: Ի դեպ, շրջայցի ընթացքում ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրեց ծածուկ ծառայության մի օրինակ: Սակայն սոցիալական ցանցերում որոշ վարորդներ արդեն հասցրել են իրենց զայրույթն արտահայտել՝ կապված ծածուկ ծառայության հետ: Ի դեպ, արդեն վարորդները մեկմեկու տեղեկացնում են, որ զգույշ մնան ծածուկ ծառայության ոչ միայն Toyota Corolla մակնիշի մեքենաներից, այլեւ Mazda 3, Golf 3 ու, ամենակարեւոր, Opel մակնիշի մեքենաներից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Երեկ Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժը: Բնապահպան Օլեգ Դուլգարյանը նշել է. «Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այնինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ, եւ գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը եւ հետագա շահագործմանը, պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը: Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էր՝ փոխարենը անօրինական շահագործման համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում»: