ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԵՐՋԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի: Բանն այն է, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փոձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին: Նշենք նաեւ, որ հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, եւ Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն եւ այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել եւ որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է, որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը այսօր էլ հրավիրվի ՀՔԾ, իսկ թե այդ հանդիպման արդյունքում ինչ կլինի, սպասենք զարգացումներին:

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում: Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, եւ այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը: Սակայն չի բացառվում, որ վերջիններիս պատասխանը կարող է իշխանությունների սրտով չլինել, մանավանդ որ վերջին շրջանում հաճախ են այդ կողմից քննադատություններ հնչում: Այդպես եղավ նաեւ հայտնի վեթթինգի նախագծի դեպքում, եւ ստիպված եղան դրույթներ փոխել, մեղմացնել գործընթացները:  Ամեն դեպքում, նկատենք, որ արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ, եւ օրենսդրորեն այդպես էլ իշխանությունները չեն կարողանում ճանապարհ գտնել: Այժմ նրանք սպասում են Եվրոպայի արձագանքին՝ հուսալով, որ ելք կգտնեն:

 

 

Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝  ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք: «Շիրակ» օդանավակայանով պատկերը նույնն է. այս օդանավակայանով մեկնել է 14 հազար 209, իսկ ժամանել` 13 հազար 324 ուղեւոր: Այսինքն` երեք ամիսների ընթացքում այս օդանավակայանով 885 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին երեկ խորհրդարանում հայտնել էր փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:

 

 




Լրահոս