ԱՆՀԱՐԿԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից ամբողջությամբ կգործի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ այլն: Կվերաբացվեն նաեւ նախակրթարանները, սակայն վերջիններս կգործեն հատուկ կանոններով, որոնց չկիրառումը կհանգեցնի տույժերի եւ տուգանքների: Նաեւ մայիսի 25-ից դիմակների կրումը կդառնա պարտադիր հանրային բաց եւ փակ վայրերում, դիմակ չկրողները կտուգանվեն ոստիկանության կողմից:

 

Այս որոշումների, դրանց վերահսկողության, առկա իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:

-Նախօրեին խորհրդարանում կրկին թեժ վիճաբանություն սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակությունից Էդմոն Մարուքյանի միջեւ, նրանք խոսում էին 2018-19թթ. «Ելք» խմբակցության ներքին խոսակցությունների մասին: Դուք եւս եղել եք այդ խմբակցությունում, տեղյա՞կ եք արդյոք, թե միմյանց ինչ էին գրել: Ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ է կատարվել:

-Այն, որ պարոն Սիմոնյանը գրառում կատարել  է «Ելք» խմբակցության ավագանու էջում, դա միանշանակ է եւ փաստ է: Այդտեղ որեւէ խնդիր չկա, բայց ինչ վերաբերում է գնալուն կամ չգնալուն, մասնակցելուն կամ չմասնակցելուն, ապա երկու կուսակցություններն էլ՝ «Լուսավոր Հայաստան»  եւ «Հանրապետություն» կուսակցությունները, եղել  են թե՛ Հանրապետության հրապարակում, թե՛ բարձրացել են Բաղրամյան պողոտա: Էլ չեմ խոսում անհատ անձանց մասին, որոնք իսկապես էնտեղ են եղել ամբողջ ընթացքում: Այսինքն՝ մեղադրել, որ մենք ընդհանրապես ձեռքներս լվացրել ենք եւ որեւէ կերպ չենք խառնվել, դա այդպես չէ, որովհետեւ մենք իսկապես եղել ենք: Մենք նույնիսկ այն օրն ենք եղել Հանրապետության հրապարակում, երբ պարոն Փաշինյանին ձերբակալեցին: Եվ դա կարող են փաստել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ, այդ թվում նաեւ Աննա Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, նրանք նույնպես էնտեղ են եղել, եւ մենք խոսել ենք իրենց հետ: Այսինքն՝ մեղադրել, որ մենք ընդհանրապես որեւէ կերպ չենք եղել Հանրապետության հապարակում կամ  ժողովրդի կողքին, դա սխալ է:

Ինչ վերաբերում է այն պայմանավորվածությանը, որ եղել է 3 կուսակցությունների միջեւ, դա եւս հստակ է, եւ երբ անհամաչափ ուժ կիրառվեց, երկու կուսակցությունների լիդերները անմիջապես գրասենյակից շտապեցին դեպի Բաղրամյան պողոտա: Սա անհերքելի փաստ է: Երկու կուսակցությունների կողմից հայտարարություն կար արված, որ երբ կիրառվի անհամաչափ ուժ, մենք կկանգնենք ժողովրդի, ինչպես նաեւ պարոն Փաշինյանի կողքին: Եվ, իսկապես, երկու կուսակցությունների լիդերներն ու անդամները եղել են Բաղրամյան պողոտայում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ սկսեց այս հարցը շահարկվել, ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունը չեն կարողանում միմյանցից բան պարզել, մինչեւ անգամ խորհրդարանում ծեծկռտուք առաջացավ: Երկու խմբակցությունների միջեւ ի՞նչ խնդիր կա:

-Փոխադարձ անզիջում վերաբերմունքն է, երկու կողմերն էլ պետք է  ավելի զուսպ լինեն, սա  ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլ նաեւ շատերի:  Փոխադարձ մանիպուլիացիաներ ու սադրանքներ անել, ամեն անգամ հետ գնալ, օրինակ, հեղափոխության օրերին, դա, կարծում եմ, փոքր ինչ ավելորդ է:

-Քաղաքապետարանում լարվածությունը նո՞ւյնն է՝ ըստ Ձեզ:

-Քաղաքապետարանում մի փոքր ավելի այլ է, բայց, այնուամենայնիվ, իշխանական թեւի ավագանու որոշ անդամներ ամեն անգամ իրենց թույլ են տալիս անհարկի շահարկել «հեղափոխություն», «քայլել», «պայքարել» եւ այլ արտահայտությունները: Ես իմ մասով ասեմ, որ ես 14-15 տարեկանից՝ դեռեւս անչափահաս տարիքից, մասնակցել եմ բոլոր հավաքներին եւ չեմ կարծում, թե իշխանական թեւում կգտնվեն 10-15 հոգի, որ իմ չափ պայքարած կլինեն տարիների ընթացքում նախկին քաղաքական բարքերի դեմ: Եվ իսկապես անթույլատրելի է, վերցնել «հեղափոխություն»-ը, որը տեղի ունեցավ մեկ անձի շուրջ եւ անընդհատ շահարկել դա, փորձել ցույց տալ նրանց առավելությունը մեր հանդեպ. սա ե՛ւ անթույլատրելի է, ե՛ւ ուղղակի կարող է արդեն որոշ չափով կարեկցանք առաջացնել այդ մարդկանց  հանդեպ, որ իրենց կյանքի ձեռքբերումը դա է  միայն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎԵՑ

Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում հավանության է արժանացել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այն համարել  է անհետաձգելի. այն կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման:

 

Իսկ ի՞նչ է նախատեսվում նախագծով: Օրինակ՝ հոդվածներից մեկը նոր խմբագրությամբ է լինելու: Մասնավորապես, «Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը» հոդվածը դարձել է այսպիսին.

  1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է Վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
  2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

Հոդված 166.1.   «Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում»

  1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը եւ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
  2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է Վճռաբեկ բողոքը եւ Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
  3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:

Նշվում է, որ ներկայումս, ի տարբերություն վարչական եւ քրեական դատավարությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է Վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը: Անհրաժեշտ է նաեւ նկատել, որ վարչական գործերով ներկայացված եւ վարույթ ընդունված յուրաքանչյուր Վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու արդյունքում Վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանում քննվում են ավելի երկար ժամկետում՝ հաշվի առնելով նաեւ Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, 2018թ. ընթացքում միայն Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ Վճռաբեկ դատարանում ստացվել է 1016 բողոք:Այսպիսով, Վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն նախատեսելը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի գործառույթների առանձնահատկություններով եւ նպատակ ունի, մասնավորապես, թեթեւացնելու դատարանի ծանրաբեռնվածությունը՝ կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԳՆԱՑ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` վերջին ժամանակահատվածում լարված են եղել ԲՈԿ արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Գոգյանը ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են գրագողություններ, սակայն Արայիկ Հարությունյանը չի թույլատրել որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ: Ըստ նույն տեղեկությունների` գրեթե 4 ամիս է, ինչ Գոգյանին չի հաջողվում այս հարցերի հետ կապված հանդիպում ունենալ նախարարի հետ: Մեր տեղեկություններով՝ Գոգյանը բազմիցս իր շրջապատում հայտարարել է, որ սկզբունքային է Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը, քանի որ նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում եղավ բացահայտումը, որին հետեւեց պաշտոնից ազատումը: Ու Գոգյանն ասել է, որ եթե այս դեպքում նման բան չարվի, ապա ինքը ստիպված կլինի հրաժարվել իր պաշտոնից: Ու քանի որ Դիանա Գալոյանը նախարարությունում ամուր թիկունք ունի, ուստի Գոգյանը հրաժարվել է իր պաշտոնից:

 

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է բեռնատար ավիացիա ունենալու հարցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո: Որքանո՞վ է տնտեսապես շահավետ եւ մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը: Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը:

Նշենք, որ գյուղմթերքը՝ միրգ, բանջարեղեն, կանաչիներ, ծաղիկներ, նախկինում արտահանվել է մարդատար ինքնաթիռով, սակայն մարտի 19-ից թռիչքները դադարեցվել են: Ապրիլի 24-ին առաջին անգամ Հայաստանից իրականացվել է 23 տոննա գյուղմթերքի արտահանում բեռնատար ինքնաթիռով, որը վարձակալել էր արտահանող մի ընկերություն: Արդեն 2 անգամ իրականացվել է հատուկ թռիչք, եւ թերմոարկղերով Հայաստանից դեպի Մոսկվա է արտահանվել նաեւ 800 կիլոգրամ օրգանական մշակում անցած ծնեբեկ: Մի քանի օրից եւս մեկ ինքնաթիռ հայկական բերքն ու բարիքը ռուսական շուկա կարտահանի:

 

 




Լրահոս