Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ, Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով` մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով կրկին կերկարաձգվի:
Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ը` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը եւ վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
Սակայն նախագծում փոփոխություններ են եղել: Օրինակ՝ եթե նախկինում սահմանափակում էին անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում, ապա այժմ կիրառվելու է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում, իսկ «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» արտահայտությունը փոխարինվել է «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով:
Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձեւակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի եւ իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:
Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր:
Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:
Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռեւս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել եւս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչեւ անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձը անցնում է ամենօրյա բժշկական զննություն եւ ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:
Մեկ փոփոխություն եւս. քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2 ԱՇԽԱՏԱԿԻՑ
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը: «Երկու աշխատակիցներ են, որոնք միմյանց հետ շփվել են, այժմ երկուսն էլ մեկուսացված են»,-նշել է նա: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Մանե Գեւորգյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկը մի քանի օր առաջ թեստ էր հանձնել, իսկ նրա շփման շրջանակը պարզվել էր, եւ եւս մեկ աշխատակից մեկուսացվել էր:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանի փոխանցմամբ՝ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը եւ Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ»,- գրել է նա:
ՋԵՐՄԵԼ ԵՆ
Երեկ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում գրանցվել է ընդամենը 80 պատգամավոր: ArmLur.am-ի թղթակիցը հայտնել է, որ խորհրդարան մուտք գործող պատգամավորներից մի քանիսի ջերմութունը 37 աստիճան է եղել, ինչի համար խորհրդարանի անվտանգությունը թույլ չի տվել պատգամավորների մուտքը Ազգային ժողով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից բացակայում է մոտ 10 պատգամավոր, մոտ 10 պատգամավոր՝ ԲՀԿ-ից, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցում նիստին: Հիշեցնենք, որ պատգամավորները քննարկում էին Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:
ՆՈՐ ԴԵՊՔԵՐ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- նշել է նա:
ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր: Այս մասին գրել է Panorama.am-ը: ArmLur.am-հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը որոշ մանրամասներ հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: «Իրավիճակին մենք տիրապետում ենք, առավոտ դեռ լույսը չբացված ոստիկանապետի հետ իմ տեղակալը եղել է դեպքի վայրում, նայել են, ստուգել, ոչ մի հարձակում չկա: Ուղղակի գիշերը ինչ-որ լակոտներ պատի վրա սուտի բաներ են գրել, գծել, խաչեր են դրել, երեխայական բաներ են արել: Հիմա ոստիկանապետը զբաղվում է, տեսախցիկներ կան, հանում են, որ տեսագրությունը նայեն ու պարզեն, թե ինչ լակոտներ են եղել»,- նկատեց քաղաքապետը: Ապա նշեց, որ տան վրա հարձակում չի եղել: «Ոչ մի վնաս չեն հասցրել, ամեն ինչ գիշերով է եղել: Կորոնավիրուսով հիվանդ է, հո ազգի թշնամի չէ՞, դա կարող է ընդհանրապես կորոնավիրուսի հետ կապ չունենա: Լոզունգներ չեն գրել, մարդիկ մտածում են, որ, իբր, հարձակվել են կորոնավիրուսով հիվանդ ընտանիքի վրա: Հասարակ խելոք մարդիկ են՝ տան ամուսինը կռան է քշում, կինն էլ չի աշխատում, խելոք լավ մարդիկ են, քաղաքին թշնամի չեն, ուղղակի կորոնավիրուսով վարակված են, մեկուսացրել ենք, էս երկու օրը Երեւանում են: Այդ ընտանիքը մեկուսացված է, տան դռները փակ են, մեր հսկողության տակ է»,- վստահեցրեց Մարտունու քաղաքապետը:
ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր են գրանցվել, եւ այդ պատճառով որոշում է կայացվել, որ նախարար Սուրեն Պապիկյանը կինքնամեկուսանա: Նա երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս ինքնամեկուսացված է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա հայտնեց, որ նախարարությունում կան ե՛ւ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, ե՛ւ կոնտակտավորներ: Հավելենք, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունում այլ վարակակիրներ եւս կան: Ըստ տեղեկությունների՝ վարակված են նրա տեղակալները: Վերջիններս թեստ են հանձնել, եւ պատասխանը դրական է եղել, սակայն դրանից զատ կան նաեւ մեկուսացվածներ: