ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մայիսի 20-ին քննարկվելու է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Մեկնաբանվում է, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար: Հիմնավորման մեջ հիշեցնում են, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Վերոգրյալով պայմանավորված ինչպես նաեւ պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով նախագծերով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռամարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիներին` իրենց իրավասության սահմաններում: Միաժամանակ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պետական պատվերի ցանկի հաստատման իրավասությունը վերապահել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին»:
Նաիրա Հովհաննիսյան