Արտառոց դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին Արմավիր ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը:

Կալանավայրից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ խցի ցմահ դատապարտյալները նախկինում դիմել են ղեկավար կազմին, որ նույն խցում չեն կարողանում միմյանց հանդուրժել եւ խնդրել են իրենց տեղափոխել այլ խցեր, սակայն ղեկավար կազմն այդ դիմումներին ընթացք չի տվել, ինչի արդյունքում բանը հասել է ծեծկռտուքին եւ վիզը կտրելու փորձին:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Համլետն է կտրել մյուս կալանավոր Մկրտիչի վիզը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, թե ինչ է կատարվել մայիսի 15-ին «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկում, եւ արդյոք ցմահ դատապարտյալներից մեկը մյուսի վիզը կտրել է:

Այնտեղից, ի պատասխան մեր հարցի, հայտնեցին. «Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 52 խցի ցմահ ազատազրկման դատապարտված խցակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ: Վիճաբանության արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաև շտապօգնություն: Վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և նույն օրը վերադարձվել քրեակատարողական հիմնարկ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Քնար Մանուկյան




Լրահոս