Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, մայիսի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայանալու: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ որոշվել է հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսը՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Մեր զրուցակիցը նշեց, որ հնարավորության դեպքում իրենք պատրաստ են կազմակերպել նիստը, բայց այս պահին որեւէ բան չեն կարող հստակ ասել, կսպասեն այնքան մինչեւ հնարավորություն կտրվի այն իրականացնել:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում էր այս ընթացքում, քանի որ որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացնել Բաղրամյան 26-ում:
Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ օրակարգային է հոգաբարձուների անդամների փոփոխությունների հարցը, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանը հոգաբարձուների խորհրդի փոխնախագահներն են: Մեր տեղեկություններով, նպատակ կա նաեւ հիմնադրամում ներգրավել Սփյուռքի շատ ներկայացուցիչների:
Նշենք, որ դեռեւս 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Այժմ ընթանում է այդ գործով նախաքննություն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ