Ավիացիոն ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանի քաղավիացիան կործանվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ օդաչու, օդանավի հրամանատար Վլադիմիր Սարգսյանը, որն աշխատում է Ղազախստանի Հանրապետությունում, իսկ մինչ այդ աշխատել է «Արմավիա» ընկերությունում, սակայն այս ընկերության հետ կապված խնդիրներից հետո տեղափոխվել է Ղազախստան, որտեղից հրավեր էր ստացել աշխատելու տեղական ընկերություններից մեկում: Մասնավորապես, օդաչուն զարմացած էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 14-ին արված հայտարարությունից: Այդ ժամանակ փոխվարչապետը նշել էր. «Այսօր հեռախոսային կոնֆերանս եմ անցկարցել Wizz Air ավիաընկերության ղեկավարության հետ: Քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը, անդրադարձել պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպմանը և վերագործարկմանը»:

Օդաչուն մասնավորապես մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս որոշմամբ ավարտվելու է Հայկական քաղավիացիայի գործունեությունը: «Նրա այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի քաղավիացիայի վերջն է լինելու: Դա նշանակում է, որ երբ Wizz Air-ը գա Հայաստան, այլևս ոչ մի հայկական ընկերություն չի կարող գործել: Նաև տեղեկություն կա, որ առաջարկել են հայ օդաչուներին աշխատել այդ ավիաընկերությունում, եթե նրանք լինեն եվրոպական սիթիզեն: Այսինքն, դա նշանակում է, որ մենք Հայաստանում աշխատելու համար պետք է դառնանք եվրոպացի: Սա էլ նշանակում է, որ մենք դրսում աշխատում ենք ուրիշների համար, իսկ ուրիշներն էլ պետք է գան մեզ համար աշխատեն, ու մենք հպարտ կանգնենք, նայենք», – նկատեց նա:

Ինչպես արդեն նշեցինք, նա այժմ աշխատում է Ղազախստանում, և օդաչուի խոսքով՝ Հայաստանում աշխատելու խնդիրներն առաջացել են դեռ 2013 թվականից: «Այն ժամանակվա կառավարության որոշման պատճառով ընդունվեց ազատ երկնքի քաղաքականություն, կասեցվեց «Արմավիա»-ի աշխատանքը, իսկ հիմա էլ վերջնականապես կետ են ուզում դնել ՀՀ  Քաղաքացիական ավիացիայի գործունեության վրա։ Կոնկրետ իմ և իմ ընկերների համբերության բաժակը լցվել է, մեզ հույս տվեցին, ասեցին, որ կբացվի հայկական ավիաընկերություն, կստեղծվեն աշխատատեղեր, կզարգանա հայկական ավիացիան, և մենք հնարավորություն կունենանք գալ ու աշխատել Հայաստանում։ Բայց փաստն այն է, որ ներկա պահին ամեն ինչ արվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիա գոյություն չունենա եւ իրենց օդաչուներ պետք չեն», – հավելեց նա:

Օդաչուն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեր միջոցով ցանկանում են իրենց պահանջները ներկայացնել կառավարությանը: «Ցանկանում ենք հասնել նրան, որ ՀՀ կառավարությունը վերջապես կազմակերպի հանդիպում և ներկայացնենք մեր պահանջները։ Դրանցից առաջինն է՝ հասնել նրան, որ

  • Ետ կանգնեն ՀՀ քաղավիացիայի կործանման ծրագրից,
  • Կոմիտեի նախագահ պետք է լինի ՀՀ քաղաքացի և ավիացիայի մասնագետ, փորձ ունեցող մարդ,
  • Պահանջում ենք կառավարությանը հանդիպում կազմակերպել կամ խորհրդակցություն՝ քննարկելու բոլոր հարցերը կապված քաղավիացիայի հետ։
  • Մեր պահանջն է ստեղծել ազգային ավիափոխադրող, որը սակայն ասում են, թե անհնարին է եւ մենք չենք կարող ստեղծել։ Սակայն սա մի ամբողջ կոմպլեքս է, այնտեղ կան բժշկական, ուսումնական ծառայություններ, որը կարծես փորձ է արվում վերացնել, որ չգործի»,- ներկայացրեց օդաչուն։

Նշենք, որ այս ընկերության՝ Հայաստան մուտքի մասին պարզ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին և հաղորդվել էր, որ Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսից էլ կատարվելու են Լառնակա-Երեւան-Լառնակա թռիչքներ: Բոլոր ուղղությունների համար էլ նախատեսվել է շաբաթական 2-ական չվերթ: Եվ այժմ էլ Ավինյանը հայտնել է, որ քննարկվում է արդեն Հայաստանում բազայի հիմնման հարցը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ArmLur.am-ին են դիմում եւ դժգոհում ավիացիայի ոլորտի մասնագետները: Դեռ 2018 թվականին  գրել էինք, որ ավիացիոն ոլորտի մասնագետները տեւական ժամանակ փորձել են ազգային ավիափոխադրող ունենալու հարցով հանդիպել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ում համակարգման տիրույթում է խնդիրը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյաննըժամանակ չէր գտել հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այն ժամանակ ևս ավիացիոն ոլորտի մասնագետների կողմից բարձրացրած թիվ մեկ խնդիրը ազգային ավիափոխադրող ունենալն է: Մասնագետները բարձրաձայնում են` Հայաստանի ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին: ՈՒ հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում:

Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացից հետո ոլորտը տրվեց «Արմավիա»-ին: Ապա մի քանի տարի անց «Արմավիա»-ն սնանկացավ: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն` «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն` հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը` ամբողջությամբ տրվեց օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում, հիմա սեփական ավիաընկերություն չունենք:

ArmLur.am-ը պատրաստ է ներկայացնելնաև կառավարության տեսակետը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս