«Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Այս մասին տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Շառլ Ազնավուրին շատ սիրում և գնահատում է, բայց, այնուամենայնիվ, դեմ է, որ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանվի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։
««Զվարթնոց» անունը լավ, հին անուն է, համ մեր պատմությունն է, ոչ հարյուր-երկուհարյուր տարվա, հետո ինքը բառը շատ սիրուն է»,-ընդգծեց նա։
Արտավազդ Բայաթյանի դիտարկմամբ՝ լավ կլիներ մեծ Շանսոնյեի անունով մի մեծ կրթօջախ անվանվեր, քանի որ նա բացի մեծ հայ լինելուց, նաև մեծ արվեստագետ է․«Ինձ թվում է տեղին չէ, թեև աշխարհում դա ընդունված բան է»։
Լիդա Եղիազարյան