«Հայաստան» համահայկական հիմնադրամը, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման դեմ ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը:
Նրա խոսքով՝ վերջերս Չինաստանից հատուկ չվերթներով Երևան են բերվել 20 թթվածնի խտացուցիչ և 70 հեռահար ջերմաչափ, որոնցից 10 թթվածնի խտացուցիչը և 15 հեռահար ջերմաչափը կտրամադրվեն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ մնացյալ 10 խտացուցիչը և 55 հեռահար ջերմաչափը կտրամադրվեն ՀՀ Առողջապահության նախարարությանը:
Նշեմ, որ ծրագիրը կյանքի է կոչվել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի շնորհիվ, որը շարունակում է իր գործուն աջակցությունը ցուցաբերել համաճարակի մարտահրավերները հաղթահարելու գործում։ Բացի դրանից, ամերիկահայ բժիշկ Քարոլան Նաջարյանից հիմնադրամը ստացել է նվիրատվություն, որն ամբողջությամբ կտրամադրվի ԱՀ Պաշտպանության բանակին: Ընդհանուր առմամբ, շուրջ 6020 պաշտպանիչ դիմակ և 520 լ ախտահանիչ նյութեր կտրամադրվեն Պաշտպանության բանակում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար»,- ավելացրել է Ա. Թոխմախյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ, բացի առողջապահական համակարգից, այս ընթացքում հիմնադրամի կողմից նվիրատվություններ են կատարվել նաև կրթական համակարգում: Մասնավորապես՝ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանները հիմնադրամի խողովակներով 27 պլանշետ և 4 համակարգիչ են նվիրաբերել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը: