Այսօր՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու: Օրակարգում մեկ հարց ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ըստ այդմ, փոփոխություն է արվում.
Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:
Որպես հիմնավորում նշվում է, որ կորոնավիրուսի սահմանների եւ դրանով վարակված անձանց թվի ավելացումը առաջացնում է անհրաժեշտություն իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ եւ շարունակական միջոցառումներ, որոնց իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակման:
Ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ եւ պահանջներ, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, քանի որ հիվանդ եւ վարակի տարածման վտանգ կրող, մասնավորապես, վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում գտնվող անձանց կողմից հաճախ չի ապահովում սահմանված պահանջների կատարումը, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Ինչպես բխում է առկա կարգավորումից ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար եւս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից:
Նշվում է, որ առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը եւ կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել: