Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում այսօր հատկապես սուր է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում եւ ԵՏՄ բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ:
Նրա խոսքով, Հայաստանը ելնում է նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները. «Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար»,-նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում