Հայտնի փաստ է, որ կազմակերպությունները, որոնք ունեն ներգրավված և արդյունավետ թիմ, կարողանում են ապահովել ավելի բարձր արտադրողականություն և նորարարություն: Կազմակերպական վարքագծի և աշխատուժի վերջին փոփոխություններով պայմանավորված` ընկերությունները կկարողանան լուծել նոր մարտահրավերներ` արդյունավետորեն աշխատող թիմերի օգնությամբ: Աշխատակիցների թիմային ոգին ու համագործակցությունը արդյունք են տալիս, երբ ապահովված է լինում յուրաքանչյուր աշխատակցի ներգրավվածությունը:
Վիվա-ՄՏՍ-ը փոխգործակցության հուշագիր է կնքել «Lucky Carrot» հայկական ստարտափի հետ՝ ներդնելու տեղեկատվական-վերլուծական հարթակ: Այս հարթակը կոչված է մոտիվացնելու և ներգրավելու անձնակազմը՝ թույլ տալով անհատներին գնահատել և գովել գործընկերների աշխատանքը և արժեքները: Ստեղծված արտակարգ դրության պայմաններում՝ Վիվա-ՄՏՍ-ը ձեռնարկում է բոլոր միջոցները` ապահովելու համար, որ աշխատանքի որակը և համապատասխան արժեքները պահպանվեն բարձր չափանիշներով, և որ աշխատակիցները շարունակաբար գնահատված լինեն:
Ի՞նչ է մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կիրառվող ներգրավվածությունը՝ որպես հասկացություն: Այն ենթադրում է կազմակերպության արժեքներին հավատարմություն, գիտելիք ու հմտությունները կիսելը, կազմակերպության առջև դրված նպատակներին ծառայեցնելը, պատասխանատվությունը թե՛ հաջողության, և թե՛ ձախողման համար, փոխադարձ հարգանքն ու գործընկերոջը ձեռք մեկնելը՝ թիմային առաջադրանքը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
«Առհասարակ, Վիվա-ՄՏՍ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ընկերության ամենամեծ հարստությունը՝ մեր աշխատակիցներին: Նրանց շնորհիվ մեր ընկերությունում պահպանվում են աշխատանքային էթիկայի կանոնները, գործում են արժեքներ և կա հարգանք՝ ոչ միայն մեր հաճախորդների և շահագրգիռ կողմերի, այլև մեր համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ: Մեզ համար աշխատակիցն առաջընթացի շարժիչ ուժն է: «Lucky Carrot» հարթակը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին արտահայտել իրենց գնահատանքը գործընկերներին, օգնել բարելավել մեր արտադրողականությունը և պարբերաբար ստանալ վերլուծական հաշվետվություններ, որոնք կօգնեն մեզ գտնել բարելավման նոր գործիքներ: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք «Lucky Carrot»-ի հետ, որն ապացուցել է, որը լուսավոր ու տաղանդավոր հայ երիտասարդների կողմից ստեղծված՝ նորաձև, թարմ, ժամանակակից և օգտակար ստարտափ է Հայաստանում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
««Lucky Carrot»-ի առաջարկին ծանոթանալուն պես՝ Վիվա-ՄՏՍ-ը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: Ընկերության արագ ու պրոֆեսիոնալ արձագանքին հետևեցին հանդիպումներ և բանակցություններ. ամիսների աշխատանքի արդյունքում այսօր մենք ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր»,- նշել է «Lucky Carrot»-ի համահիմնադիր և տնօրեն Մարիամ Գյուլումյանը։
«Lucky Carrot» համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ առցանց ուղարկելով խրախուսական միավորներ՝ «գազար» ստիկերներ՝ նշելով կազմակերպության հիմնական արժեքները, որոնք առնչվում են տվյալ աշխատակցի կողմից կատարված աշխատանքին:
«Վիվա-ՄՏՍ-ը գնահատում է այն օգուտները, որ «Lucky Carrot» համակարգն ընձեռում է, և այդ կերպ աջակցում է մեզ խթանել «Lucky Carrot»-ի առաջխաղացումը տեղական շուկայում: Մեր թիմի համար սա նաև ահռելի փորձ ձեռք բերելու հնարավորություն է։ Այս նախաձեռնությունը մեզ միանշանակ կօգնի պատրաստ լինել աշխատելու մեծ ընկերությունների հետ և արագ աճ գրանցելու միջազգային շուկայում՝ հատկապես ԱՄԷ-ում և Մերձբալթյան երկրներում, ինչպես և պլանավորել ենք»,- նշել է Մարիամ Գյուլումյանը։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com