Հայ ճարտարապետության միջնադարյան գլուխգործոցներից մեկը` Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այսօր առանց գմբեթի ու խաչի է: Պատճառները երկուսն են: Ախթալայում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում արդեն երրորդ տարին անցկացվում է խորովածի փառատոն: Սեպտեմբերի 18-ին ամբողջ Հայաստանը Ախթալայում էր: Բացմանն էր սպասում Արմեն Ջիգարխանյանի` «Երբ գալիս է սեպտեմբերը» հայտնի ֆիլմի դրվագներից մեկը պատկերող արձանը, որի դիմաց վառվելու էր փարոսը, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ հասցվելու էր անկախության քսանամյակի խորհրդանիշ 20 մետրանոց կրակարանին (մանղալին), եւ վառվելու էր խորովածի կրակը, սակայն քանի որ սպասվող հյուրերից Արմեն Ջիգարխանյանն ընդհանրապես չեկավ, իսկ Վիկ Դարչինյանն էլ հասավ փառատոնի վերջում, փարոսն անիմաստ վառեցին եւ նույնքան անիմաստ վառելու իմիտացիա արեցին մանղալի մոխիրները: Խորովածն էլ վաճառվում էր, այնպես որ, ով փող ուներ` աչքը լույս, իսկ ով չուներ, կարեւորը հոտը զգաց: Այն, որ երեքուկես միլիոնանոց միջոցառումն անկազմակերպ էր, քաջ գիտակցում էին նաեւ կազմակերպիչները: «Միջոցառում կազմակերպելը շատ դժվարություններ է առաջ բերում: Եթե մենք նախապես ասում ենք, որ այսպես պիտի լինի, միշտ չէ, որ կարողանում ենք էդ ասածներս իրականացնել»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Այցելուների մասին խոսելն ավելորդ է: Հոծ բազմությանը վերից «խեղճացած» նայում էր Սբ. Աստվածածինը` առանց գմբեթի եւ առանց խաչի: Միջնադարյան այս հրաշքն անմխիթար վիճակում է, իսկ իշխանությունն ու Մայր Աթոռը չտեսնելու են տալիս: Երբ վանքին նայելիս սրտնեղեցինք, թե ինչու է եկեղեցին առանց խաչի, հանկարծ մի ձայն, որն, ինչպես պարզվեց, Վազգեն Խաչիկյանինն էր, «Ժողովուրդ»-ին կողքից պատասխանեց. «Առանց խաչի է, որովհետեւ գմբեթ չունի», «Իսկ ինչո՞ւ գմբեթ չունի», «Որովհետեւ կառուցումն արժե 250.000 դոլար»: Ահա եւ պատճառներից մեկը, իսկ մյուսը, որը թերեւս առանցքայինն է, ուղիղ կապով կապված է մեր հարեւան վրացիների հետ: Խնդիրը հասկանալու համար նախ թերթենք պատմությունը: Ախթալայի ժայռապատկերներով եզերված բարձր հրվանդանի վրա 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիները կառուցել են բրգավոր պարիսպներով ամրոց, որի որոշ պատեր այսօր էլ կանգուն են: Ամրոցի ներսում կառուցվել է նաեւ վանական համալիրը, որն իր անունը ստացել է ուշ միջնադարում: Այն նշանակալի դեր է խաղացել երկրի հոգեւոր, մշակութային, կրթական կյանքում: Պարզվում է, որ քիչ է` Վրաստանում մեր հարեւանների թեթեւ ձեռքով վրացականացվում են հայկական եկեղեցիները, հիմա էլ վրացիներն աչք են տնկել նաեւ Լոռու 5 եկեղեցիների, այդ թվում եւ Սբ. Աստվածածնի վրա: «Վրացական կողմը պնդում է, թե Հայաստանում 5 եկեղեցի վրացական է, քանի որ Վրաստանում վիճելի 5 եկեղեցի կա»,-մեր կաթողիկոսի` Վրաստան կատարած այցից հետո «Պանորամա»-ին ասել էր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Այստեղից պարզ դարձավ նաեւ այն պատճառը, թե ինչու անցած տարի խորովածի փառատոնի շրջանակում նախատեսված Սուրբ Աստվածածնի վերաօծումն անհասկանալի պատճառներով հետաձգվեց, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան` հնչեցին իրարամերժ հայտարարություններ` կաթողիկոսը Հայաստանում չէ, վրացիները կարծում են, որ եկեղեցին իրենցն է: Ի դեպ, վերջինը Մայր Աթոռի մամլո դիվանն այն ժամանակ հերքեց: Թե ինչու էին ժողովրդից թաքցնում, անհասկանալի էր: Անհասկանալի են նաեւ վրացիներին հաճոյանալու մերոնց ջանքերը: Այս տարի խորովածի փառատոնի հատուկ հյուրերը Վրաստանից էին` դեսպանի գլխավորությամբ: Եկան, կերան-խմեցին, հիացան «իրենց» եկեղեցու տեսքով, որտեղ վերջին 200 տարում կրոնական ծիսակատարություններ չէին եղել մինչեւ վերջերս, երբ եկեղեցին հոգեւոր հովիվ ունեցավ: Նշենք, որ համալիրը մասնակի նորոգվել է 1976-78 թվականներին: Ներսն ամբողջովին նկարազարդ է, խորանի գմբեթին Աստվածածինն է` գահին նստած: Որմնանկարների ստորին շերտը կապվում է 11-րդ դարի մանրանկարչության, հատկապես Մուղնու ավետարանի պատկերազարդման հետ: Այնպես որ, մեր հարեւանները գիտեն, թե ինչի վրա են աչք տնկում, իսկ մենք դեռ քիչ է, որ հաճոյանում ենք, խաչի համար էլ, պարզվում է, փող չունենք:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆԱխթալա
ԱԽԹԱԼԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ԽԱՉ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ