Այսօր վերաբացվել են երեւանյան մանկապարտեզները. գործելու են հատուկ կանոնակարգերով: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, առաջնահերթություն է տրվել այն երեխաներին, որոնց ծնողները գործնականում չեն կարողանում տանն ապահովել երեխաների խնամքը, առաջնահերթություն ունեն այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Տեղեկացնենք, որ նախնական հարցում է արվել Երեւանի 161 մանկապարտեզների թվով 31 հազար ծնողներին եւ նրանցից 11 հազարը ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ: Սակայն պարզվում է՝ հեռախոսազանգով ծնողները ոգեւորվել են մանկապարտեզների վերաբացման լուրից, բայց չնայած սրան՝ այսօր երեխաներին մանկապարտեզ չեն բերել:
Թիվ 88 մանկապարտեզի տնօրեն Արմինե Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր հաճախել է երեք երեխա: Բայց մանկապարտեզի աշխատակազմն ակնկալում էր մեծ թվով երեխաների առաջ դռները բացել: Մանկապարտեզի տնօրենը վստահ է՝ ծնողները երեխաներին տարել են գյուղ՝ հարազատների տուն, որտեղից շաբաթվա կեսին անհարմար է հետ վերադառնալ: Նա զրույցի ընթացքում հույս հայտնեց, որ երկուշաբթի մանկապարտեզ հաճախող սաների թիվը կավելանա: Բայց մյուս կողմից, մանկապարտեզի տնօրենը կարծիք հայտնեց, որ հնարավոր է ծնողները վախեցել են: Չէ որ վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է: Զրույցի ընթացքում պարզվեց, որ սաների ծնողները նախօրեին եկել են մանկապարտեզ եւ ստուգել՝ արդյոք ախտահանման աշխատանքներ իրականացվում են, թե ոչ:
Տնօրենը նշեց նաեւ, որ շարունակելու են զանգահարել ծնողներին եւ տեղեկացնել մանկապատեզի վերաբացման մասին: Իսկ ահա թիվ 81 մանկապարտեզ այսօր առավոտյան հաճախել է 8 սան՝ 9-ի փոխարեն: Պարզվում է՝ թիվ 81 մանկապարտեզ այսօր հաճախած 8 երեխաներից մեկին մանկապարտեզի տնօրինությունը հետ է վերադարձրել տուն: Տնօրեն Ռուզաննա Զաքարյանի խոսքով, երեխայի մոտ մրսածության ֆոն է զգացվել: Բայց չնայած սրան՝ մանկապարտեզի տնօրենը մեծ ոգեւորությամբ է հիշում երեխաների եւ դաստիարակների հանդիպումը:
Տեղեկացնենք, որ այս մանկապարտեզում 9 երեխաների համար բակային տարածքում տեղադրված է 9 սեղան՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այստեղ անցկացվելու են բաց պարապմունքներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան