Երեկ մինչ ամբողջ քաղաքը Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի փորձին էր հետեւում, ժամը 12:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձում էին ապամոնտաժել Աբովյան պուրակի հարակից փողոցի վրա գտնվող երկու կրպակ, սակայն «գործի» կեսից փոշմանեցին: Կրպակները գտնվում են Պլանի գլուխ կոչվող տարածքում: Նշենք, որ այդ տարածքում գտնվող կրպակատերերը եւս ամիսներ առաջ գրություն էին ստացել, որ կրպակներն ապամոնտաժվելու են: Կրպակատեր Արամ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքն օրինական է աշխատում, բայց թաղապետարանի ներկայացուցիչները եկել եւ ասել են, որ ինքը կրպակը դատարկի, քանի որ եկել են ապամոնտաժելու:«Ժողովուրդ»-ը զրուցեց կրպակատերի պաշտպանության կազմկոմիտեի նախագահ Արեւիկ Ղազարյանի հետ. վերջինս եկել էր կրպակատերերին աջակցելու. «Թաղապետարանի ներկայացուցիչները սպասում էին, որ պետք է քաղաքապետարանից եւս մարդիկ մոտենային, բայց մեր կրպակատերերից մի պապիկ շատ վատացավ, երեւի խիղճ արթնացավ մեջները, թողեցին, գնացին, բայց մի քանի օր առաջ էլի այս տարածք էին եկել»: Տիկին Արեւիկն ասաց, որ ներկայացուցիչները գալիս են կրպակ ապամոնտաժելու, սակայն որեւէ փաստաթուղթ չեն ներկայացնում. «Մասսայական ծանուցում են ուղարկել եւ վերջ, որեւէ թուղթ չեն ներկայացնում, ամեն անգամ գնում են, իբրեւ թուղթ բերեն եւ մարդկանց լարված վիճակում են պահում»: Այդ նույն տարածքում` նույն շարքի վրա, տեղակայված է նաեւ «Հայ մամուլ»-ի մի կրպակ, որի «կողքով» չեն անցնում: «Դա «Պրես ստենդ»-ինն է, նա արտոնություն ունի, որին ոչ ոք ոչ մի բան չի ասում»,-նշեց տիկին Արեւիկը:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, սակայն այսօր դա էլ չի գործում, կրպակատերերն էլի ճնշման են ենթարկվում, եւ կրկին բռնի ուժ է կիրառվում տարածքն ազատելու համար: «Քաղաքապետը հայտարարում է, որ կենտրոնում կրպակատերը չի կարող խեղճ լինել: Բայց չի կարելի մեկին վերցնել ու բոլորին համեմատել այդ մեկի հետ, մարդիկ կան, որ յոթը տեղ ունեն դա, եթե կորցնում են, էն մյուսով են ապրում, բայց այս մարդիկ էս մի կրպակն ունեն, եւ այդ ընտանիքն այս կրպակի միջոցով է ապրում, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են»,-ասաց կրպակատերի պաշտպանության կազմկոմիտեի նախագահը:Կրպակատեր Արամը նշեց, որ իր ընտանիքը վեց անձից է բաղկացած. «Իմ ընտանիքը ես պահում եմ էս կրպակի միջոցով»: Արամը նաեւ մարդու իրավունքների գրասենյակ էր զանգահարել եւ տեղեկացրել, որ եկել են իր կրպակն ապամոնտաժելու. «Գրասենյակից մարդիկ եկան ու պահանջեցին փաստաթուղթ ցույց տալ, բայց իրենք չունեին, դրա համար թողեցին գնացին, չնայած քաղաքապետարանից մարդկանց էին սպասում, որ գան, բայց այդպես էլ մարդ չեկավ, ասեցին` սեպտեմբերի 22-ին են գալու եւ արդեն ոստիկանների հետ են գալու, որպեսզի կրպակն այդտեղից դուրս հանեն»: Աբովյան պուրակ էին եկել նաեւ ապամոնտաժման ենթակա մի քանի այլ կրպակների սեփականատերեր, որոնք փորձում են համախմբված պայքարել: Սեպտեմբերի 22-ին կրկին Աբովյանի պուրակում շարունակվելու է ապամոնտաժման փորձը: Այսինքն` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անզիջում է, շարունակում է մարդկանց «հացին վայիս լինել» հանուն «պրինցիպի»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ