«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի մի քանի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
ArmLur.am-ը զրուցել «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի հետ:
-Պարո՛ն Եզեկյան, ինչ իրավիճակ է այս պահին արտադրամասում:
-Ինչպես հայտնել է Հայկ Չոբանյանը, վարակվածները 7-ն են: Նրանք բոլորը լավ վիճակում են, որևէ մեկի մոտ խնդիր չկա: Պետք է կրկին թեստավորեն, որ ռեալ պատասխան ասեն: Առաջին թեստը դրական արդյունք է ցույց տվել, բայց դեռ պետք է մի քանի անգամ էլ թեստավորեն:
-Իսկ որն է վարակի աղբյուրը, ինչպես է այն ներթափանցել գործարան:
-Չգիտենք, թե որտեղից է ներթափանցել, բայց այսօր Երևանից ազատ գալիս են Տավուշի մարզ՝ առանց որևէ խնդրի: Տավուշի սարերում, ձորերում իրենց բարեկամներին են տեսնում և շատ հնարավոր է՝ այդպես ներթափանցած լինի:
-Իսկ ե՞րբ եք աշխատակիցների վարակման մասին իմացել:
-Մոտ երկու օր առաջ ենք իմացել թեստերի դրական պատասխանի մասին: Այդ ժամանակ հանգստյան օրեր են եղել, նա աշխատանքի վայրում չի եղել: Մեր նախաձեռնությամբ ձեռնոցի գործող արտադրամասը, որտեղ այդ աշխատակիցն աշխատել է, ես այդ արտադրամասի աշխատակիցներին ասել եմ, որ բոլորը մնան տանը: Դրանք տարբեր արտադրություններ են, տարբեր տարածքներ են, տարբեր մարդիկ են: Այդ արտադրությունների աշխատանքը մենք առանձին ենք կազմակերպում, մեկը մյուսի հետ չի շփվում: Ընդամենը մեր արտադրամասերից մեկում ունենք նման դեպք, ում շրջապատից մի քանի հոգու մոտ է կորոնավիրուս հաստատվել: Եվ այդ պատճառով, մեր աշխատակիցների մի խումբը, որը ընդհանրապես կապ չունե դիմակի արտադրության հետ, այդ մարդկանց նստացրել ենք տունը: Մենք կվճարենք ամբողջ աշխատակիցների թեստավորումը, կունենանք պատասխանները և ամբողջապես կաշխատենք:
-Իսկ հաշվարկներ արել եք՝ որքան գումար եք վճարելու թեստերի համար:
-Չենք հաշվարկել, բայց մոտավորապես 4-5 մլն դրամի մասին է խոսքը: Դա իրականացնելու ենք մեր միջոցներով: Մենք մեր քայլերով ցույց ենք տալիս, որ մեր նպատակը ոչ թե սահմանամերձ համայնքներում բիզնես անելն է, այլ մարդկանց աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք ապահովելն է: Դա է պատճառը, որ հիմնադրի նախաձեռնությամբ ու մեր առաջարկով մեր ամբողջ անձնակազմը կանցնի թեստավորում և շատ գեղեցիկ կաշխատենք՝ ինչպես աշխատել ենք մինչև այժմ:
զրուցեց Սյունէ Համբարձումյանը