Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանքները նվազեցնել մինչև 10 000 դրամ՝ նախկին 100-250 հազարի փոխարեն: Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ արտակարգ դրության օրերին փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ:«Եթե նախկինում քաղաքացին պետք է իր մոտ ունենար տեղաշարժման թերթիկ, ապա այժմ պարտադիր պետք է դիմակ ունենա: Ու եթե նախկինում տեղաշարժի թերթիկ չունանալու համար քաղաքացին տուգանվում էր 100-250 հազար դրամով, ապա այս օրենքով տուգանքի չափը կկազմի 10 հազար դրամ»,- հայտարարել էր փոխնախարարը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «ձեռնպահ» քվեարկեց օրենքի նախագծին, իսկ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ որոշեց «կողմ» քվեարկել օրենքի նախագծին: Մենք զրուցել ենք ընդդիմադիր պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչու իր որոշումը փոխեց:
-Պարոն Բագրատյան, ինչո՞ւ որոշեցիք նախ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծին ձեռնպահ քվեարկել, այնուհետեւ երկրորդ ընթերցման ժամանակ փոխեցիք Ձեր որոշումը:
–Ես փոխնախարարից փորձել էի պարզել, որ եթե բերվել է մեղմացնող նախագիծ տուգանքների մասով, ապա պետք է նաեւ նախագծում լինի այն հարցը, որ պետք է այն ունենա հետադարձ ուժ: Այսինքն այն անձինք, որոնք մինչեւ այժմ տուգանվել են 100-ց սկսած գումարով, պետք է վճարեն 10 հազար դրամ, այսինքն լինի հետադարձ ուժ: Բայց փոխնախարարը հայտարարեց, որ նախագիծը հետադարձ ուժ չունի: Իսկ ես էլ որոշեցի, որ եթե հետադարձ ուժ չունի, ապա ես էլ կքվեարկեմ ձեռնպահ: Եթե չեմ կարող օգնել իմ քաղաքացիներին, ապա ինչու պետք է կողմ քվեարկեմ: Հետո մենք առաջարկություն ձեւակերպեցինք ու ներկայացրեցին, քանի որ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորը իրավունք չունի առաջարկություն ներկայացնի, մենք առաջարկությունը խմբակցությունով արեցինք, փոխվեց ու արդեն երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվերարկեցի:
-Այսինքն ԲՀԿ-ի առաջարկությամբ փոփության ենթարկվե՞ց նախագիծը, ըստ իշխանությունների պետք էր հետադարձ ուժ չունենա՞ր:
–Այո իրենք ասում էին այո, պետք է քաղաքացիները իրենց տուգանքները մուծեն, հետո երբ որ տուգանվի, թող մուծի 10 հազար դրամ:
-Բայց գումարի այդ չափից էլ դժգոհություններ կան, քանի որ ըստ քաղաքացիների իրենք երկար ժամանակ չեն աշխատել ու իրենք ի վիճակի չեն լինելու վճարումները կատարել, եթե տուգանվեն: Դուք չե՞ք կարծում, որ իսկապես ՀՀ-ում սոցիալական վիճակը գնալով «սրվում» է:
–Ես հարց բարձրացրել եմ, թե ինչու են տասնապատիկի չափով որոշել տուգանել եւ ոչ թե երեքապատիկի չափով, այսինքն ինչու ոչ նվազագույն աշխատավարձի երեքապատիկը, այհլ տասնապատիկը: Իրենք էլ հայտարարեցին, որ համաչափ պետք է լինի:
-Դժգոհություններ կան նաեւ դիմակների թանկ լինելուց, քաղաքացիները հայտարարում են, որ իրենք չեն կարող այդքան դիմակ գնել, քանի որ ֆինանսապես անապահով են: Դուք փորձում եք, որպես ընդդիմադիր խմբակցություն հարցին լուծում գտնել, պատկան մարմինների հետ քննարկումներ ունենալով:
–Արդարադատության փոխնախարարը նշել է, որ իրենք կառավարությանը դիմել են, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի, այսինքն գին սահմանվի, որից ավել չլինի վաճառքը: Այսինքն իրենք սա ընդունել են ի գիտություն, ասացին, որ դա իրենք կկարգավորեն կառավարության որոշումով, ոչ թե Ազգային Ժողովի օրենքով: Այո, սա լուրջ խնդիր է, պետք է քննարկել ու ասենք պայմանական եմ ասում գինը սահմանել ոչ ավել, քան 50 դրամ: Պետք է առաջիկայում լսումներ անեն, եւ կարգավորեն խնդիրը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ