Որքան աշխատավարձ կստանան Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության աշխատակիցները. նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով որպես նշված օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվել  Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Եվ ահա նախագիծ է ներկայացվել, որի ընդունման  և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։ Հենց այս վարչությունը պետք է զբաղվի և իրականացնի ապօրինի գույքի բռնագանձման մասով անհրաժեշտ աշխատանքները:

Եվ ահա, սահմանվել է նաև այդ աշխատակիցների աշխատավարձը: Նախ հիմնավորման մեջ նշվում է, որ նկատի ունենալով նշված օրենքով սահմանված գործառույթների առանձնահատկությունը և դրանց ծավալը, անհրաժեշտ կադրերի մասնագիտական պատրաստվածությունը և  «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններով և լրացումներով այդ գործառույթներն իրականացնող դատախազների համար սահմանվել են առավել բարձր մասնագիտական պահանջներ։ Նույն տրամաբանությամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով սահմանվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող դատախազների և նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի վարձատրության այլ գործակիցներ՝ համեմատած գլխավոր դատախազության վարչության պետի և վարչության դատախազների համար։

Հայտնի է, որ պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է գործակցով: Եվ պաշտոնյայի աշխատավարձը որոշելու համար պետք է բազային աշխատավարձը բազմապատկել այդ գործակցով: Եվ չնայած, այժմ ՀՀ նվազագույն աշխատավաձը 68 հազար դրամ է, սակայն բազային աշխատավարձը չի փոխվել և կազմում է  66 հազար 400 դրամ։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը 10-ն է, ըստ այդմ, նրա աշխատավարձը կկազմի 660 հազար դրամ: Վարչության պետի տեղակալի գործակիցը 9.50-ն է, ավագ դատախազինը՝ 9, այսինքն՝ նրանք համապատասխանաբար կստանան 630 հազար և մոտ 600 հազար աշխատավարձ: Իսկ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է եւ նա կստանա մոտ 570 հազար դրամ աշխատավարձ:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ կարող է նշանակվել դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս