Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Իսկ ինչու է առաջացել նման անհրաժեշտություն և ինչ փոփոխություններ կլինեն:
Նախագծով կարգավորում են ստացել հետևյալ առանցքային հարցերը.
1) քրեական վարույթի (հատկապես, մինչդատական վարույթի) ընթացքում ամրապնդվել են անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները, մասնավորապես, ընդլայնվել են պաշտպանության կողմի իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ուժեղացվել է դատական վերահսկողության ինստիտուտը,
2) վերանայվել են դատավարական հարկադրանքի միջոցների, մասնավորապես՝ ձերբակալման և կալանքի կիրառման հիմքերը, պայմանները և ընթացակարգերը, բարձրացվել է դրանց օրինականության նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև ընդարձակվել է այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը,
3) հիմնարար կարգավորում է ստացել քրեական վարույթի շարժիչ ուժը` քրեական հետապնդման ինստիտուտը, հստակեցվել են դրա բնույթը, նշանակությունը, ինչպես նաև իրականացման ձևերը (եղանակները) ,
4) նախատեսվել են տուժողի և արդարացվածի իրավաչափ շահերի պաշտպանության, այդ թվում՝ հատուցում ստանալու գործուն և արդյունավետ կառուցակարգեր,
5) մշակվել է մինչդատական վարույթի ձևերի (հետաքննություն և նախաքննություն) տարբերակման արդյունավետ կառուցակարգ, հստակեցվել, տարանջատվել և ներդաշնակեցվել են մինչդատական վարույթին մասնակցող պաշտոնատար անձանց (դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննիչ) գործառույթները, ապահովվել է գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի օրգանական ամբողջականությունը և լիարժեքությունը,
6) ընդլայնվել է տարբերակված վարույթների շրջանակը կատարելագործվել են դրանց իրականացման ընթացակարգերն այն հաշվով, որպեսզի ապահովվի մի կողմից ռեսուրսների և ժամանակի խնայողությանը, իսկ մյուս կողմից` արդարադատության շահերի համաչափ պաշտպանությունը,
7) ներդրվել է միջանկյալ դատական վարույթի (նախնական դատական լսումների) ինստիտուտ` մինչդատական վարույթի արդյունքների ամփոփումն ավելի ռացիոնալ դարձնելու և ապագա դատաքննությունն առավել արդյունավետ անցկացնելու համար,
8) նվազեցվել է մինչդատական ընթացակարգերի ազդեցությունը վարույթի ելքի վրա, դատարանում երաշխավորվել է մրցակցության լիարժեք իրացումը,
9) կատարելագործվել են դատական ակտերի վերանայման համակարգը և դրա տարրերը (վերաքննություն, վճռաբեկություն, հատուկ և բացառիկ վերանայումներ), ապահովվել է դատական ակտերի վերանայման կառուցակարգերի գործառնական նշանակությունը և արդյունավետությունը,
Նախագիծը բնութագրվում է նաև մի շարք հիմնարար, սկզբունքային նորամուծություններով, որոնք պետք է էապես բարելավեն, կատարելագործեն քրեադատավարական գործող համակարգը և նպաստեն քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը։
Մասնավորապես նախատեսվում է.
- վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ,
- փոխել «հետաքննություն» և «նախաքննություն» հասկացությունների քրեադատավարական հարաբերակցությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունն ինկորպորացնել քրեական դատավարության օրենսգիրք` այն նույնացնելով հետաքննության հետ,
- պաշտպանության կողմին վերապահել ապացույցներ ներկայացնելու իրավունք` մինչդատական վարույթում փաստաթղթեր և առարկաներ, իսկ դատարանում հետազոտման ենթակա ապացույցների ցանկ ներկայացնելու ձևով,
- հստակեցնել հարկադրանքի միջոցների, ներառյալ՝ ձերբակալման և կալանքի կիրառման նպատակը, հիմքերը և ընթացակարգերը, ընդլայնել և օպտիմալացնել խափանման միջոցների շրջանակը,
- դատական վերահսկողությունը տարածել բնակարանում կատարվող բոլոր քննչական գործողությունների, ինչպես նաև գույքի արգելադրման վրա, հստակեցնել մինչդատական վարույթում դատական պաշտպանության սահմանները,
- դատավարական հիմնական ժամկետների հաշվարկի և խափանման միջոցների կիրառման համար որպես նախապայման սահմանել հսկող դատախազի կողմից անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը,
- սահմանել ռեաբիլիտացիայի ինստիտուտ, նախատեսել տվյալ քրեական վարույթի շրջանակներում արդարացվածի կրած վնասների հատուցման հնարավորություն,
- մեղադրյալին զրկել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից՝ հնարավորություն ընձեռելով նրան պահպանել լռություն կամ տալ ճշմարտացի ցուցմունք,
- նախատեսել մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ անձին հարցաքննելու (ցուցմունքը դեպոնացնելու) ընթացակարգ,
- նախատեսել նոր տարբերակված վարույթներ` մասնավոր մեղադրանքով վարույթ (առանց նախաքննության), համագործակցության վարույթ, իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ և այլն,
- սահմանել նախնական դատական լսումների ընթացքում քննարկման ենթակա առանցքային հարցերի քննության և լուծման արդյունավետ կարգ ` մրցակցության և կողմերի հավասարության պայմաններում,
- դատարանին վերապահել ինքնուրույն արբիտրի դեր, որը կաշկանդված չէ կողմերի դիրքորոշմամբ և իրավասու է միջամտել ապացուցման գործընթացին կամ ուղղորդել այն՝ ելնելով արդարադատության շահից,
- ամրապնդել դատարանում ապացույցների հետազոտման անմիջականության և թափանցիկության սկզբունքները,
- հստակեցնել առաջին ատյանի դատարանում դատաքննության սահմանները, բարեփոխել դատարանում դատախազի կողմից մեղադրանք փոփոխելու կարգը.
- նախատեսել դատական ակտի կայացման երկփուլ կարգ,
- ամրապնդել դատական ակտերի սահմանափակ վերանայման սկզբունքը, առանձին բացառություններով, հստակեցել հիմնարար խախտումներով վարույթի նորոգման հիմքերը և կարգը,
- վերացնել դատական ակտերի կատարումը` որպես քրեական վարույթի փուլ։
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ:
Նախագծի մշակման հիմքում ընկած է երկու հիմնարար չափանիշ` համարձակ նորարարությունը և չափավոր պահպանողականությունը։ Այն առաջին հերթին ընկալվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության զարգացման հաջորդ փուլում կիրառվելիք գաղափարների, ինստիտուտների փորձարկման (ապրոբացիայի) միջոց։ Այս առումով Նախագծի մշակումը դիտարկվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության բնականոն զարգացման յուրահատուկ փուլ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի խուսափել թռիչքաձև ցնցումներից և ապահովել համեմատաբար ավելի սահուն անցում մեկ համակարգից մյուսին։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող քրեադատավարական համակարգի էությունը կազմող մինչդատական և դատական վարույթների հարաբերակցության կտրուկ փոփոխությունը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ իրավակիրառ պրակտիկայի վրա (մասնագիտական, կազմակերպական, հոգեբանական և այլ առումներով)։ Բացի այդ, ներկայումս գործող համակարգն էլ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (կադրային, նյութական և այլն) պատրաստ չէ նման կտրուկ փոփոխությունների։
Նաիրա Հովհաննիսյան