Կարճաղբյուր, Լճավան, Գեղհովիտ համայնքներում այժմ ընթացքի մեջ է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը, շիվերի տունկն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում: Կարճաղբյուր եւ Արգիճի գետերի եզրերում տնկվում է ուռենու շիվեր:
Մարզպետարանից հայտնում են, որ մեկ տնկված շիվի դիմաց պետության կողմից վճարվող գումարը, առանց հարկերի եւ սոցվճարների, կազմում է մոտ 36 դրամ: Տնկվող ուռենու շիվերը պատրաստվում են տեղում՝ հատվելով տվյալ համայնքի ծառերից: Ծառատունկի աշխատանքներում ընդգրկված են վերոնշյալ համայնքների բնակիչները:
«Կարճաղբյուրում ծառատնկման աշխատանքներ իրականացվում են երկու, Լճավանում՝ երեք, Գեղհովիտում՝ վեց հեկտար տարածքի վրա: Կարճաղբյուր եւ Արգիճի գետերի ափերով մեկ տնկվում են 25-40 սանտիմետր երկարության ուռենու շիվեր՝ իրարից 1 մետր հեռավորությամբ: 1 հեկտարի վրա տնկվում է 10 հազար հատ շիվ: Այդ հաշվարկի համաձայն՝ 20 հազար շիվ տնկվում է Կարճաղբյուրում, 30 հազար շիվ՝ Լճավանում եւ 60 հազար շիվ՝ Գեղհովիտում: Նախատեսվում է ծառատնկման այս ծրագիրն ավարտել մինչեւ մայիսի 31-ը:
Ծառատանկման աշխատանքներում ընդգրկված մարդիկ օրական կարող են վաստակել մինչեւ 6-7 հազար դրամ եւ ավելի գումար: Մենք տունկի վայր ընտրել ենք գետափերն այն հաշվարկով, որ ուռենիները կենսունակ լինեն հետագա աճի ու զարգացման համար: Այս դեպքում մի կողմից ապահովվում է խոնավությունը, մյուս կողմից հեշտանում է պահպանությունը անասնահոտերից :Համոզված ենք, որ տնկված ծառերը կլինեն կենսունակ, ու մի քանի տարի անց մենք կունենանք ծառաշատ ու ավելի գեղատեսիլ վայրեր: Հնարավոր է, որ մոտակա օրերին ծառատնկման աշխատանքներում ընդգրկվեն նոր համայնքներ: Մեկ օրվա ընթացքում արդեն տնկվել է մոտ 6 հազար շիվ»,-ներկայացրեց Արթուր Հարությունյանը:
Ծառատնկման ծրագրի ընթացքը տեղերում դիտարկել են ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ծառերի պահպանության եւ հետագա խնամքի հետ կապված խնդիրները հոգալու են համայնքապետարանները: