Ամենակարեւորը միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն է․ Մարտին Վարդազարյանը՝ անհանդուրժողական մթնոլորտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենակարեւորը մարդիկ պետք է հետեւեն հիգիենայի կանոններին, թեեւ մի քիչ ծիծաղելի է հնչում, քանի որ մինչեւ այս վիրուսն էլ ամեն օր ձեռքերը լվանում էին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է կոմպոզիտոր,  ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը` անդրադառնալով կորոնավիրուս համավարակին եւ Կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին:

«Պետք է յուրաքանչյուրի մոտ լինի պատասխանատվության զգացողություն այն պատճառով, որ ոչ թե ես կարող եմ վարակվել, այլ կարող եմ վարակել, գոնե մի հարցում միասնություն մենք պետք է ունենանք անպայման, չփնտրենք մեղավորներ, թե արհեստական է, բնական է, բոլոր միկրոբները ձեւավորված գոյություն ունեն, պարզապես մի տարբերակը սկսում է զարգանալ եւ մնացյալ հիվանդությունների օժանդակել: Այ դրա համար է հարկավոր զգույշ լինել: Կցանկանայի մեկս մյուսի նկատմամբ ավելի հանդուրժող լինել, զիջողականությունն առաջին հերթին լավագույն դեղամիջոցներից մեկը կարող է լինել, չնայած որ պարադոքսալ է հնչում: Պատասխանատվություն, փոխադարձ հարգանք, եւ պատրաստ լինել, թեկուզեւ ձեռնոցով մեկս մյուսին ձեռք մեկնել: Ցանկանում եմ բոլորին առողջություն եւ ուշադրություն մեկս մյուսի նկատմամբ: Սա այն դեպքն է, երբ օգնությունը կայանում է նրանում, որ ես վնաս չտամ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մարտին Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կանխատեսումներ անել չի սիրում, բայցեւ կարծում է, որ այս քաոսը շուտով կավարտվի. «Յուրաքանչյուր մարդու կյանքի կորուստը ցավալի է, բայց հույսով եմ շուտով կհաղթահարենք սա, մարդն ամեն ինչ էլ կարող է հաղթահարել»:

Խոսելով երկրում ձեւավորված անհանդուրժողական մթնոլորտի մասին` Մարտին Վարդազարյանը նկատեց. «Դա հենց հիվանդության սիմպտոմներից մեկն է, այն թաքնված հիվանդությունը, որը յուրաքանչյուրի մեջ կա, այս կամ այն չափով, եւ հիմա կարեւորն այն է, որ այս «ես»-ը մյուս «ես»-ին վնաս չհասցնի: Այդ «Ես»-ը ուրիշին չնսեմացնի, չվիրավորի, նույնիսկ եթե կանխամտածված չէ, պետք է մինչեւ տասը հաշվել նոր պատասխան տալ, իսկ չհաշված պատասխանը էմոցիոնալ պատասխան է»:

Մեր զրուցակիցը, Կառավարության գործողությունները վիրուսի կանխարգելմանն ուղղված, գնահատում է ուշացած, սակայն նշում է, գոնե հիմա պետք է հնարավորինս պահպանել սահմանված բոլոր կանոնները, հանուն մեր եւ մեր մերձավորի առողջության համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս