ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում ներկայացրել է քննարկվող տարբերակներից մեկը, որով փորձ է արվելու լուծել Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը: Նախ Ռուբեն Ռուբինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ փաստացի ոչ բոլոր դատավորն են այսպես ասած տուն ուղարկվելու:
«Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն՝ անել այնպես, որ Սահմանադրական դատարանի անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել, այն դատավորները, որոնք չեն պաշտոնավարել 12 տարի, որոնց ժամկետը 12-ամյա չի լրացել, չեն պաշտոնավարի մինչև թոշակը, այսինքն՝ նրանք նույնպես կպաշտոնավարեն 12 տարի», – նշել էր Ռուբինյանը:
Սակայն բացի սրանից, Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, և ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների թվից և կողմից, այլ՝ Ազգային ժողովի կողմից: «Սա նույնպես կփոխվի, և Սահմանադրական դատարանի դատավորները, եթե մենք գնանք այս նախանշված ճանապարհով, կընտրեն նոր նախագահ Սահմանադրական դատարանի՝ վեց տարով»: Այսինքն, Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը:
Նախ նշենք, որ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականին ընդունված օրենքի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: Սակայն Հրայր Թովմասյանը ընտրվել էր մինչև թոշակի անցնելը: Այսպիսով, որ դատավորները կդադարեն լինել ՍԴ անդամ, եթե այս տարբերակը կյանքի կոչվի:
Ներկայում Սահմանադրական դատարանի դատավորներն են Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը:
ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Օրեր անց նա ընտրվել էր ՍԴ նախագահ՝ Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում: Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ Գրիգորյանը 2019 թ. հունիսի 18-ին: Այսինքն, այս երեք անձինք կշարունակեն մնալ ՍԴ անդամներ, եթե այս տարբերակը կյանքի կոչվի:
Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով։ Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ է դարձել երկու անգամ: Առաջին անգամ ՍԴ դատավոր է նշանակվել՝ 1996-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ապա 2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրել է նրա լիազորությունները՝ Գյուլումյանի դիմումի համաձայն: Դրանից հետո 11 տարի շարունակ Գյուլումյանը զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը: 2014-ին նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակվել է Գյուլումյանին ՍԴ անդամի պաշտոնում: 2020 թ. հունվարի 17-ին Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։
Ֆելիքս Թոխյանն ամենաերկարակյաց դատավորներից է: Նա 1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։ Այսինքն, այս որոշման կյանքի կոչման պարագայում նա կդադարի լինել ՍԴ անդամ:
Այս որոշման արդյունքում Արևիկ Պետրոսյանը դեռ երկու տարի կկարողանա աշխատել: Նա 2010թ. դեկտեմբերի 8-ին է ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
ՍԴ անդամ Արաիկ Թունյանը ևս դեռ վեց տարի կարող է աշխատել: Նա 2014 թ. հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
Աշոտ Խաչատրյանը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: Նրա պաշտոնավարմանն այս պարագայում կմնա մոտ երկու տարի:
Հրանտ Նազարյանը երկայակյաց դատավորներից է: Նա ՀՀ Նախագահի հրամանագրով 1996թ. փետրվարի 5-ից է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: Այսպիսով, նա կդադարի լինել ՍԴ անդամ:
Այսինքն, ստացվում է, որ միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինեկ ՍԴ անդամներ, իսկ Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել 1-2 տարի:
Հավելենք, որ իշխանությունները սպասում են Վենետիկի հանձնաժողովի պատասխանին, որպեսզի հետագա քայլերը կատարեն: Մենք հայտնել էինք, որ երկու փուլ է լինելու՝ հարցը խորհրդարանում լուծելու համար: Որոշումներից մեկով պետք է հետ կանչվի հանրաքվեի նախագիծը, ապա արդեն քվեարկության դրվի նոր նախագիծ:
Նաիրա Հովհաննիսյան