ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով. ծննդատուն այդպես էլ չկառուցվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կհիշեք՝ անցյալ տարի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսի 2-ին նախարարն ու գործարարը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով անցյալ տարի պետք է մեկնարկեին «Նազարեթ եւ Սոնա Սրմաքեշ Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Իսկ օգոստոսի 10-ին տեղի էր ունեցել հիմնարկեքի արարողությունը, եւ նոր ծննդատան առաջին քարն են դրել: Բայց, արի ու տես, առաջին քարը դնելուց հետո անցել է մոտ 10 ամիս, սակայն ծննդատան հետ կապված որեւէ գործողություն այդպես էլ չի արվել: Եւ ամենակարեւորը՝ որեւէ մեկը չգիտի, թե այս գործընթացը որ փուլում է:

Օրինակ՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Անցյալ տարի եղել է հիմնարկեքի արարողությունը, դրանից հետո որեւէ նորություն, որեւէ տեղաշարժ ես չգիտեմ»: Թե ինչու տեղաշարժ չկա, Ասլանյանը դժվարացավ նշել եւ խորհուրդ տվեց դիմել Առողջապահության նախարարություն, ապա նշեց, որ այդ տարածքում այս պահին որեւէ գործողություն չի կատարվում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չմեկնաբանեց, բայց հորդորեց հիմնադրամից ճշտել: Նշենք, որ հիմնադրամի հետ կապված որեւէ տվյալ, հեռախոսահամար համացանցում առկա չէ: Ստացվում է, որ շվեյցարահայ գործարարի՝ ծննդատուն կառուցելու խոստումը օդում է մնացել: Հայտնի չէ՝ Սրմաքեշը տեր կկանգնի իր խոստմանը, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս