ՎԱՍՏԱԿ ՉՈՒՆԵՑԱԾ, ԲԱՅՑ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով բարձր պետական պարգեւների, շքանշանների եւ կոչումների են արժանացել արվեստի,  գիտության,  սպորտի, դիվանագիտության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձավ մշակույթի բնագավառի այն ներկայացուցիչներին, որոնք ստացել էին ժողովրդական եւ վաստակավոր արտիստների կոչում:Զրուցեցինք արդեն ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի, Նիկոլայ Ծատուրյանի եւ վաստակավոր արտիստի կոչում ստացած Ալլա Լեւոնյանի հետ:Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ  Ծատուրյանն ասաց, թե ինքը չէ, որ պետք է ասի` մրցանակն ուշացած է, թե ոչ: «Եթե ասեմ` ավելի շուտ պետք է լիներ, դա իսկապես անհամեստություն կլինի: Ուշ լինի, նուշ լինի: Մրցանակներն ավելի շատ անունի համար են, բայց հաճելի է, որ քեզ գնահատում են, քո գործունեությունը նկատում են: Դե դրանից էլ մի 40.000 դրամ հավելավճար է գալիս թոշակի վրա, արդեն 80.000 եմ ստանալու եւ չեմ իմանում, թե ոնց եմ ծախսելու»,-կատակեց պարոն Ծատուրյանը:Բեմադրիչ-ռեժիսորը դեմ չէ նաեւ, որ երիտասարդներին վաստակավոր արտիստ են տալիս, բայց իր խորին հավաստմամբ` այդ երիտասարդը պետք է այնքան բան արած լինի այս երկրի համար, որ վաստակ ունենա: «Թե չէ ամեն մի երգչի, որ 2 դիսկ է թողարկել, վաստակավոր են տալիս, ես դեմ եմ: Դեմ եմ նաեւ, որ սպասում են` մարդը դառնա 60-70 տարեկան, ու հետո կոչում տալիս: Թող կոչումներ տան արժանավորներին»,-հավելեց ժողովրդական արտիստը: «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը, ով բեմում է 1971 թվականից, խոստովանեց, որ մրցանակը սպասված էր. «Ինչպե՞ս կարող էր դա անակնկալ լինել, երբ ամիսներ առաջ ինձ զանգել էին նախարարությունից եւ ասել, որ ես ներկայացնեմ ինքնակենսագրություն եւ 2 ժողովրդական արտիստների երաշխավորագիր: Այնպես որ, եթե կան մարդիկ, որոնք համեստություն են անում եւ ասում, որ անակնկալ էր, այդպես չէ»: Իսկ այն հարցին, թե չի կարծում, որ ժողովրդականը մի քիչ ուշացել է, այսպես պատասխանեց. «Ոչինչ, կարեւորը դա չէ, արտիստի համար կարեւորը ժողովրդի գնահատանքն է: Ինձ համար պատիվ է, որ ես այն սերունդն եմ ներկայացնում, որն ականատեսը եւ մասնակիցը եղավ Հայաստանի անկախությանը եւ Արցախի ազատագրմանը, եւ իմ նոր, անկախ պետության կողմից գնահատվեցի»:Նորաթուխ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը խոստովանեց, որ մի քանի օր է, ինչ անդադար շնորհավորանքներ է ստանում աշխարհի բոլոր ծայրերից:Ալլա Լեւոնյանը բեմում է արդեն 18 տարի եւ իր խոսքերով` ունի բազմաթիվ մրցանակներ տարբեր երկրներից, որոնք դրոշակ չի անում եւ չի բարձրաձայնում դրանց մասին: Երգչուհու խոսքերով` մրցանակն անսպասելի էր` չնայած մտածել է, որ երեւի թե անկախության 20-ամյակի առիթով ոչ միայն իրեն, այլեւ իր ընկերներին գուցե մշակույթի նախարարից ինչ-որ մի բան լինի: «Անկեղծ ասած, հրավերը եղել է 2 օր առաջ, ասացին, որ պետք է գնամ նախագահական, ինչը շատ անսպասելի էր` չնայած սպասում էի այդ կոչմանը»: Երբ Ալլային տեղեկացրինք, որ մեր ընթերցողներից մեկը դժգոհություն է հայտնել այն առիթով, որ վաստակավոր արտիստի կոչման պետք է արժանանան այն մարդիկ, որոնք 25 տարվա բեմական գործունեություն ունեն, իսկ երգչուհունն ընդամենը 18 է, Ալլա Լեւոնյանը պատասխանեց. «Հայկոն, Նունեն, Շուշանը, Մրոն, ես անուններ եմ ասում, որ 25 տարի չէ, որ բեմում են, բայց իրենք էլ են ստացել չէ՞: Չեմ կարծում, որ իմ կոլեգաներից քիչ գործ եմ արել: Իսկ բացասական արձագանքներ ես անձամբ չեմ լսել: Մշակույթի նախարարն էլ, երբ տեսավ է ինձ ֆոյեում, ասաց, որ երբ մի մեծ հանձնախմբի կողմից որոշվեց այս ամենը, Դուք միակն էիք, որ բոլորը կողմ էին եւ սպասում էին»: Ալլան նաեւ ասաց, որ շատ մարդիկ, որոնք այդ օրը մրցանակներ են ստացել, մոտեցել են իրեն եւ ասել, թե կարծում էին` նա արդեն ուներ այդ կոչումը: Երգչուհին չբացառեց նաեւ, որ կլինեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի, բայց դե գերակշռող մասը շնորհավորում է եւ ցանկանում է նոր բարձունքներ, որից ինքն իրեն բավարարված է զգում:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս