Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման
համակարգերը: Դեռևս 2018 թվականից ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում»
ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն
հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական
հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով: Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին
հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի
հաշվապահական հաշվառման տվյալները:
Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված
ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից,
ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի,
ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։
Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը: Հաշվարկում տարին և
ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ
վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ
հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է և
փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների
կոմիտե: