ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է ուղղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 22-ին է ծնվել մեծագույն հայ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Միայն այն փաստը, որ ՀՀ հարավարեւմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկը «Ազնավուր» է կոչվում, բավարար է հասկանալու համար այն մեծ հիացմունքը, գնահատանքն ու արժեւորումը, որ Զինված ուժերը՝ որպես հավաքական կերպար, տածում է մեծ շանսոնյեի նկատմամբ:
Ազնավուրը մարդ-պատմություն էր, որ «իրենով արեց» աշխարհն ու կարողացավ իր անձով Հայաստանը՝ իր պատմական հայրենիքը, ներկայանալի դարձնել միլիոնավոր մարդկանց: Նրա դրսեւորումները հանճարեղ էին՝ թե´ որպես երգիչ ու բանաստեղծ, թե´ որպես մարդ ու հայ:
Զենքը ձեռքին սահմանին կանգնած զինվորը մեզանում անգնահատելի արժեք է. Ազնավուրն էլ մի աննկուն ու անվրեպ զինվոր էր քաղաքակրթությունների եւ պատմության խաչմերուկում, ով ցանկացած վատ, բարդ իրավիճակում գործեց ի շահ իր հայրենի երկրի:
Ու թեեւ արդեն երկրորդ տարին է՝ անձամբ չենք կարող նրան շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, բայց նա այն հազվագյուտ երեւույթներից է, ում ծննդյան փաստը միայն համազգային տոն է, եւ վստահաբար կարող ենք ասել՝ շնորհավոր, հայ ժողովուրդ, որ Ազնավուր ես ծնել: