Մանկապարտեզները նորից կփակվե՞ն. ջերմող աշխատակիցներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է՝ նախակրթարանների աշխատողների շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ մանկապարտեզները հնարավոր է նորից փակվեն: Տեղեկացնենք, որ մանկապարտեզները վերաբացվել են մայիսի 20-ից: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս երկու օրերի ընթացքում նախատեսվածից քիչ թվով երեխաներ են հաճախում մանակապարտեզ, ինչով էլ պայմանավորված հնարավոր է նորից փակվեն մանկապարտեզները:

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից Տարոն Գեւորգյանը փոխանցեց հետեւյալը. «Մանկապարտեզները շարունակում են բնականոն ձեւով աշխատել, որեւէ նման ինֆորմացիա չունենք, անգամ ակնարկ չկա այդ մասին: Ըստ էության թվով նախատեսված ինչ որ քանակից ընդամենը քիչ են գնացել, բայց դա չի նշանակում, որ որեւէ ակնարկ կամ մտադրություն կա մանկապարտեզները փակելու համար»:

Ի դեպ, նկատենք, որ որոշ մանկապարտեզների աշխատողներ ջերմություն են ունեցել, իսկ մեկում էլ՝ թիվ 49 մանկապարտեզում, անգամ կորոնավիրուսի հաստատված դեպք կա, եւ մանկապարտեզը դեռ չի վերաբացվել:

Ս.Հ.




Լրահոս